Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարըդեռ ազատված չէ աշխատանքից։ Այդ մասին Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում ասել է Արմավիրի մարզպետի օգնական Մանվել Մելիքյանը։
Մելիքյանն ընդգծել է, որ ըստ պահանջի՝ պաշտոնակատարը կարող է համարվել ազատված միայն այն ժամանակ, երբ նոր թեկնածու արդեն պատրաստ կլինի զբաղեցնելու այդ պաշտոնը։
«Որովհետև հենց ազատվեց աշխատանքից, նոր տնօրենը միանգամից պետք է նշանակվի։ Այս լարված իրավիճակում մենք համապատասխան թեկնածու ենք որոնում։ Կա երկու թեկնածու, որոնց հետ պատրաստվում ենք քննարկում անցկացնել, նաև նախարարության գործընկերների հետ էլ ենք կապի մեջ»,–ասել է նա, գրում է Factor.am-ը։
Նրա փոխանցմամբ՝ վերջնական որոշումը կհրապարակվի, երբ պատրաստ կլինի, և հանրությունը կտեղեկացվի դրա մասին։ Մելիքյանը նաև հստակեցրել է, որ պաշտոնակատարին ազատելու իրավասությունը վերապահված է մարզպետարանին, ոչ թե կրթության նախարարությանը։
Մերձավան գյուղի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոք են հայտնել պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանի դեմ։ Նրանց պնդմամբ՝ Ռոզա Դավթյանը դրսևորում է ոչ ուսուցչին վայել վարքագիծ, վիրավորանքներ է հնչեցնում թե՛ աշակերտների, թե՛ ուսուցչական կազմի հասցեին, բացասաբար է արտահայտվում արցախցիների մասին, խանգարում է դպրոցի բնականոն ընթացքը և տարածում է թրքասիրություն։ Ռոզա Դավթյանն իր հերթին պնդում է, որ դպրոցի ողջ կոլեկտիվը, աշակերտներն ու ծնողները միավորվել են իր դեմ և նպատակ ունեն կազմակերպված կերպով իրեն հեռացնել։