19 մայիսի 2025 - 11:27 AMT
Գրիգորյան. «Զանգեզուրի միջանցք» անունով նախագիծ գոյություն չունի

Աշխատանքային այցով Իրան այցելած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյաննասել է, որ «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ նախագիծ գոյություն չունի, և նման եզրույթ Հայաստանը չի կիրառում իր խոսույթում։

«Անկեղծ ասած՝ ընդհանրապես ոչ մի քննարկում չկա որևէ միջանցքի շուրջ, նույնիսկ մենք նման եզրույթ չենք օգտագործում»,— ասել է նա, գրում է Factor.am-ն Irna-ի վրա հղումով։

«Մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես կարելի է տարածաշրջանային կապերը դուրս բերել փակուղուց, խաղաղություն ու կայունություն բերել տարածաշրջան և հնարավոր դարձնել զարգացումը»,— նշել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը կենտրոնանում է խաղաղության հաստատման, կայունության ապահովման և փոխադարձ կախվածության բարձրացման վրա։

«Մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկը», որը մենք առաջարկել ենք, մի նախագիծ է, որի նպատակը առկա փակուղիները բացելն ու տնտեսական ենթակառուցվածքները ամրապնդելն է՝ տարածաշրջանային կապերն ու փոխկախվածությունը խորացնելու համար։ Մենք կարծում ենք, որ սա շատ օգտակար կլինի և կնպաստի ներդրումներին՝ ուղղված տարածաշրջանի կայունությանը։ Հետևաբար՝ ենթադրում եմ, երբ վերջնական տեքստը պատրաստ լինի տնտեսական հնարավորությունների վերաբերյալ, մենք կկարողանանք քննարկել մնացած հարցերն ու սկսել աշխատել խաղաղության հաստատման ավելի լայն շրջանակում»,— նշել է նա։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։