Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ մայիսի 18–ին տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծումը Մինսկում։ Սա առաջին հայկական եկեղեցին է Բելառուսում։
Հրապարակված տեսանյութերն ու լուսանկարները վկայում են, որ միջոցառմանը ներկա է գտնվել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, գրում է Factor.am-ը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Բելառուսի մայրաքաղաքում մայիսի 17-ին այցելել էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված հուշարձան և ծաղիկներ խոնարհել։
Պաշտոնական Երևանը որոշում է ընդունել Մինսկի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու մասին՝ Լուկաշենկոյի հայ ժողովրդին վիրավորող արտահայտություններից հետո։ Այդ իրադարձություններից հետո Հայաստանի դեսպանը հետ է կանչվել Բելառուսից։ Փաշինյանը հայտարարել է, որ ոչ մի պաշտոնյա չի այցելի Բելառուս։ Մայիսի 9-ին Մոսկվայում տոնական միջոցառումների շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյի կողքին է նստել ու շփվել նրա հետ։