19 մայիսի 2025 - 14:20 AMT
Սինգապուրում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

Սինգապուրում տեղի է ունեցել Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որը հյուրընկալել է մի շարք պաշտոնյաների և հյուրերի:

Այս միջոցառմանը մասնակցություն են ցուցաբերել Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը, ինչպես նաև Սինգապուրի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն, հայտնում է Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանությունը։

Հյուպատոսության բացումից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում անցկացվել է ընդունելություն։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել դեսպան Սերոբ Բեջանյանը, գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոունը և ՀՀ պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը։

Իր ելույթում դեսպան Բեջանյանն ընդգծել է պատվավոր հյուպատոսության ստեղծման կարևորությունը՝ նշելով, որ այն կարող է նպաստել հայ-սինգապուրյան համագործակցության խորացմանը տարբեր ոլորտներում։ Հոն Մուն Լոունը, իր հերթին, խոսել է Սինգապուրում հայ համայնքի պատմական արմատների ու նրանց կողմից արված արժեքավոր ներդրումների մասին։

Պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը՝ շնորհակալություն է հայտնել վստահության համար, ներկայացրել է իր սպասվող ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն զարգացնել Հայաստանի ու Սինգապուրի տնտեսական և գործարար կապերը։

Ընդունելությանը մասնակցություն են ցուցաբերել Սինգապուրում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, պետական մարմինների պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և գործարար շրջանակների անդամներ։

Միջոցառման ընթացքում հնչել են Հայաստանի և Սինգապուրի պետական օրհներգերը, որոնք կատարել է Սինգապուրաբնակ հայ երգչուհի Գայանե Վարդանյանը։

Միջոցառման ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ դրվել են ծաղիկներ։