19 մայիսի 2025 - 15:40 AMT
Քոչարյան․ Միամտություն է մտածել, որ Եվրոպան Հայաստանում կարող է որևէ անվտանգային հարց լուծել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 4 լրատվականի տված հարցազրույցում ասել է, որ միամտություն է մտածել, որ Եվրոպան Հայաստանում կարող է որևէ անվտանգային հարց լուծել։

«Մտածել, որ Եվրոպան Հայաստանում կարող է որևէ անվտանգային հարց լուծել, միամտություն է։ Նման բան չկա»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի սիրուն հայտարարություն կանի, մենք կուրախանանք, գուցե Հայաստանի վարչապետի հետ գրկախառմվի, ինքը սիրում է գրկախառնվել ընդհանրապես, ու դրանով ամեն ինչ ավարտվելու է․

«Հիմա կա երեք պետություն, որոնք կարող են այս տարածաշրջանում հողի վրա դերակատար լինել՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Հիմա ո՞ր երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ, ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ, ունեն պատմություն ու ծավալ, ո՞ր երկիրն է ամենից հզոր և տնտեսական ու ռազմական պոտենցիալով։ Ո՞ր երկիրն է մշակութային կոդով մեզ ավելի մոտ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այլընտրանք չունեն»,-ասել է Քոչարյանը։

Նա նաև ընդգծել է՝ անհրաժեշտ է վարել կոմպլեմենտար քաղաքականություն։

«Սա այն դեպքը չէ, երբ մենք բազմաթիվ այլընտրանքներ ունենք։ Եվրոպայի հետ կապված քննարկումներն անիմաստ են, որոնց Եվրոպան չի էլ արձագանքում։ Դրանք մի նպատակ ունեն, Ռուսաստանին վատություն անել, դա ռազմավարություն չէ, այլ ուրիշի ձեռքին գործիք դառնալ։ Իսկ կա՞ ուրիշ պետություն, որ ավելի շահագրգռված է Հայաստանով, քան որևէ այլ երկիր»,-ասել է նա։

Քոչարյանը նշել է նաև, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում չպետք է լարում ստեղծել, սակայն շանտաժի նույնպես չպետք է ենթարկվել։ Այդ նպատակով, ըստ նրա, անհրաժեշտ է ունենալ գործընկեր, որը կարող է զսպել Թուրքիայի նկրտումները Հայաստանի նկատմամբ։ Նրա խոսքով, այդ դերը կարող է կատարել միայն Ռուսաստանը, հայտնում է Aravot.am-ը։

Քոչարյանը շեշտել է, որ Հայաստանը պետք է մտածի անվտանգության ամբողջական ապահովման մասին և այս համատեքստում վերահաստատի գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ։

«Եթե կա ուրիշ երկիր, ասեք։ ԱՄՆ-ն հիմա մի քիչ ուրիշ դիրքավորում է փորձում ունենալ միջազգային հարաբերություններում․ հեգեմոնից փորձում է շարժվել այլ կարգավիճակ։ ԱՄՆ-ն հաստատ Հարավային Կովկասով չի զբաղվելու։ Մենք մեր անվտանգությունը համապարփակ ապահովելու մասին պետք է մտածենք։ Գործընկերային, դաշնակցային հարաբերությունները պետք է վերականգնել Ռուսաստանի հետ և պետք է ներառել նաև Իրանի գործոնը, Իրանը ևս մեզ համար բարեկամ երկիր է»,- ասել է նա։

Քոչարյանն արձագանքել է նաև այն դիտարկումներին, թե Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին։ Նա ընդգծել է, որ հարաբերությունները ՌԴ-ի հետ վատ չեն եղել 1991 թվականից մինչև վերջին տարիները։

«Ո՞նց եղավ, որ Ռուսաստանը 1991 թվականից որպես գործընկեր լավն էր, հետո հանկարծ վատացավ։ 2020 թվականի պատերազմն ո՞վ կանգնեցրեց, ես գիտեմ, թե ինչ դժվարությամբ են դա արել։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկում կանգնեցնել պատերազմը, մենք հրաժարվեցինք, Հայաստանի վարչապետն ասաց՝ մենք կկռվենք, որ իրեն դավաճան չասեն։ Դա էլ են գցում ռուսի գրպա՞նը»,-ասել է Քոչարյանը։

Քոչարյանը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի միջոցով չէր, որ պետք է հարցերը լուծվեին, այլ՝ Հայաստանի ու Ռուսաստանի փոխադարձ հարաբերությունների հիմքով։

Նա անդրադարձել է նաև պնդումներին, թե ինքը իբր փորձել է Հայաստանը ներառել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության կազմ։

«Միութենական պետությունը ստեղծվել է 1999 թվականին, ես նախագահել եմ մինչեւ 2008 թվականը։ Ինը տարի երբեք որեւէ խոսակցություն իմ հետ Հայաստանին միավորելու միութենական միությանը, չի եղել։ Չկա այդպիսի բան, համենայնդեպս չի եղել այն ժամանակ»,- ասել է նա։