19 մայիսի 2025 - 17:47 AMT
ՌԴ–ում կարգելվի childfree քարոզչությամբ բովանդակությունը․ «Հարի Փոթերն» ու «Գահերի խաղը» չեն ներառվի այդ ցանկում

2025 թվականի սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտնում նոր կանոննե, որոնց համաձայն երկրում սահմանափակվելու է երեխաներ ունենալուց հրաժարվելու՝ childfree գաղափարախոսությունը տարածող բովանդակության տարածումը։ Մտավախություն կար, որ վտանգի տակ են հայտնվել հանրաճանաչ ֆիլմեր և սերիալներ, այդ թվում՝ «Հարի Փոթերը» և «Գահերի խաղը», սակայն «Ռոսկոմնադզորը» հերքել է այդ լուրերը։

Հայտարարվել է, որ վերնշյալ սերիալները, ինչպես նաև «Թղթե տնակն» ու «Սեքսը մեծ քաղաքում» չեն արգելափակվի, քանի որ չեն խախտում սահմանված չափանիշները, գրում է ՏԱՍՍ–ը։

Ռոսկոմնադզորի հրամանով, խնդրահարույց բովանդակություն է համարվում այն, որը քարոզում է երեխաներ ունենալուց հրաժարվելու խրախուսումը, այդպիսի հրաժարման արդարացումը, երեխաներ չունենալու առավելությունների մասին հաղորդագրությունները և հղիության, մայրության ու հայրության բացասական պատկերը։

«Պառլամենտսկայա գազետան» ավելի վաղ գրել էր, որ այս չափանիշներին կարող են համապատասխանել այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Սեքսը մեծ քաղաքում», որի հերոսուհի Սամանթան «ցույց է տալիս չայլդֆրի ակնհայտ հակումներ», և «Գահերի խաղը», որտեղ Բրիեննան հրաժարվել է երեխաներից՝ տղամարդկանց հավասար լինելու համար։ Նշվում էր, որ նույնիսկ «Հարի Փոթերում» փորձագետները գտել են childfree ակնարկ՝ պրոֆեսոր Մագոնագալը երեխաներ չուներ, թեև հայտնի չէ՝ դա գիտակցված ընտրություն էր, թե ոչ։

Մայիսի 15-ին մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան ստորագրել է հրաման, որը childfree գաղափարախոսությունը ներառում է կինովարձույթի վկայականի տրամադրման մերժման հիմքերի ցանկում։ Սա նշանակում է, որ նման բովանդակությամբ ֆիլմերն ու սերիալները չեն կարողանա ցուցադրման թույլտվություն ստանալ Ռուսաստանում։