Քաղաքացիական պայմանագրից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը նախազգուշացրել են, որ չեն միանա որևէ մեկի կողմից նախաձեռնված վարչապետի պաշտոնանկության գործընթացին, եթե ընդդիմադիր պատգամավորները մերժեն իրենց ներկայացրած թեկնածուին։
Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի նախաձեռնությամբ մայիսի 19–ին ԱԺ-ում կփորձեն ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել, որով Էդմոն Մարուքյանն առաջադրվում է որպես վարչապետի թեկնածու, հայտնում է «Փաստինֆոն»։
«Էդգար Ղազարյանը, Նարեկ Մալյանը կամ մեկ ուրիշը, ով ուզում է ձեռնարկի իմպիչմենտ, մենք՝ ես և պարոն Աղազարյանը, չենք ստորագրի և այդ պրոցեսը չի գնա, որովհետև այդ պրոցեսը գնալու է այնպես, ինչպես գնում է, եթե չէ, թող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հակոբ Ասլանյանը։
Լրագրողի հարցին, թե եթե իրենց գլխավոր նպատակն է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ապա ինչու են առաջադրում պայմաններ, Ասլանյանն արձագանքել է. «Մենք հայտարարել ենք, որ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան առանցքում գտնվող որևէ ուժի հետ մենք չենք համագործակցի»։
Ավելի վաղ Էդգար Ղազարյանը, մեկնաբանելով վարչապետի դեմ անվստահության գործընթացում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջադրումը որպես այլընտրանքային թեկնածու, նշել էր, որ դա ամբողջությամբ տեղավորվում է նախաձեռնության տրամաբանության մեջ։ Նա հիշեցրել է, որ դիմել էր ԱԺ պատգամավորներին՝ կոչ անելով նախաձեռնություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում։
Էդմոն Մարուքյանը, որին ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ այժմ հնարավոր է իրական քայլեր ձեռնարկել վարչապետին անվստահություն հայտնելու ուղղությամբ՝ կոչ անելով ընդդիմադիր խմբակցություններին միանալ գործընթացին։ Նա հանդիպում է առաջարկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին։