Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունեցող է համարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը։
«Ես վստահ չեմ, որ սա ճիշտ է։ Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում։ Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է, նույնիսկ նախաձեռնողներն ասում են՝ հա, ի՞նչ է եղել, փորձենք էլի։ Նույն թեկնածուն 10 օր առաջ ասում էր, որ դա իրատեսական չէ (խմբ. նկատի ունի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, որի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին հայտարարել են ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը)։
Ես պրագմատիկ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չէ։ Ես կարող եմ ասել, թե դա ում է հետաքրքիր։ Օրինակ, միգուցե, մարդ կա, որի համար 48 ժամ վարչապետի թեկնածու լինելը կյանքի երազանք է։ Եթե մարդու համար այդ 48 ժամվա մեջ ուշադրության կենտրոնում գտնվելը կյանքի երազանք է, դա չի նշանակում, որ մենք պետք է ֆոն դառնանք ինչ-որ մարդկանց երազանքը իրականություն դարձնելու համար»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը, հայտնում է Արմենպրեսը։
Նիկոլ Փաշինյանի դեմ անվստահության նախաձեռնության առնչությամբ ԱԺ բոլոր պատգամավորներին նամակներ են ուղարկել «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը։ Այդ ընթացքում «Հայաստան» խմբակցությունը կասկածի տակ է դրել նախաձեռնության նպատակահարմարությունը՝ նշելով, թե վստահ չեն, որ գործընթացը չի միտված հենց իրենց դաշինքին թիրախ դարձնելուն։
ԱԺ մյուս ընդդիմադիր ուժը՝ «Պատիվ ունեմ»-ը, իր հերթին նշել է, որ պատրաստ է նախաձեռնությունը սկսել, սակայն վարչապետի թեկնածու չունի։ «Պատիվ ունեմ»-ն ընդգծել է, որ բաց է թեկնածուի հարցով քննարկումների համար։
Որոշ ժամանակ անց ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ նշելով, որ վարչապետի պաշտոնի համար առաջադրում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։
Մարուքյանն ընդունել է առաջադրվելու առաջարկն ու դիմել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջարկելով հանդիպել և համատեղ քայլեր մշակել։
ՀՀ երկրորդ նախագահը հարցազրույց է տվել News.am-ին, Politic.am-ին, Yerevan Today-ին և 5-րդ հեռուստաալիքին: