19 մայիսի 2025 - 18:24 AMT
ՌԴ–ում կալանավորել են բլոգեր Ալթունյանին՝ պոռնկագրական նյութեր տարածելու գործով

Մոսկվայի Կունցևոյի շրջանային դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ վերցնել բլոգեր Յուրի Ալթունյանին, ով անցնում է ինտերնետում պոռնկագրական բովանդակություն տարածելու քրեական գործով։ Այդ մասին տեղեկացրել են դատարանի մամուլի ծառայությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Կունցևոյի շրջանային դատարանի որոշմամբ բավարարվել է Ալթունյանի հանդեպ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը», — հայտնել են դատարանից։

Ալթունյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի համաձայն՝ ինտերնետի միջոցով պոռնկագրական նյութեր տարածելու մեղադրանքով։

Ինչպես «РИА Новости»-ին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, խոսքը վերաբերում է Յուրի Ալթունյանին, որի Instagram-ի էջը նվիրված է կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության թեմաներին։ Ձերբակալման պահին նրա հետևորդների թիվը կազմել է մոտ երկու միլիոն։

Դատարանում հավելել են նաև, որ դատական նիստը կայացել է փակ ռեժիմով։ Գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։