ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզում ծառայող պարեկը, օգտվելով իր լիազորություններից և պաշտոնեական ազդեցությունից, ստացել է 300,000 դրամ՝ իբր վարորդական վկայականի ապօրինի տրամադրման հարցում միջնորդելու համար, ոչ մի քայլ չի ձեռնարկել և քաղաքացին վարորդական իրավունքի վկայական չի ստացել:
Ըստ նախաքննության՝ 2024 թվականի սեպտեմբերին վերը նշված պարեկային ծառայողը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն տեղեկացրել է, թե կարող է կազմակերպել իբրև թե պաշտոնատար անձ հանդիսացող իր ծանոթին 600,000 դրամ կաշառք տալու դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը:
«Հիշյալ գործողությունների դիմաց պարեկը քաղաքացուն դրդել է սկզբում իրեն փոխանցել կաշառքի գումարից 300,000 դրամը՝ իբր իր ծանոթ պաշտոնատար անձին տալու նպատակով, իսկ գումարի մյուս մասը փոխանցել վարորդական վկայական ստանալու համար սահմանված քննությունը հանձնելուց հետո: Սակայն պարեկը հետագայում որևէ գործողություն չի ձեռնարկել, և քաղաքացին վարորդական իրավունքի վկայական չի ստացել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Պարեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ կաշառք տալու դրդման փորձի և կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար։
Կաշառք տալու դրդչության փորձի, ինչպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար պարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։