19 մայիսի 2025 - 19:05 AMT
ԱԺ նախագահ. Չեմ բացառում՝ Բաքվի հետ քննարկումները շարունակվեն երկրների ղեկավարների ձևաչափով

Ալբանիայի մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական զրույցից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ առաջիկայում երկու երկրների ղեկավարները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները դեմ առ դեմ հանդիպումներ ունենան՝ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակելու համար:

«Դա լավ նորություն է», - ընդգծել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Ալեն Սիմոնյանը, սակայն, հստակ չի նշել՝ արդյոք ձեռք է բերվել որևէ պայմանավորվածություն երկու ղեկավարների հաջորդ հանդիպման շուրջ։ Նա միայն հավելել է, որ նման տեղեկություն չունի։

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ մոտ վեց ամսվա ընդմիջումից հետո, մայիսի 16-ին Տիրանայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ընթացիկ իրավիճակը, որի մասին պաշտոնական Երևանը հայտարարել է՝ կողմերը կարևորել են գործընթացի շարունակականությունը և պայմանագրի ստորագրման ուղղությամբ առաջընթացը։

Երբ ԱԺ նախագահի հարցրել են՝ մոտեցե՞լ են արդյոք կողմերը փաստաթղթի ստորագրման փուլին, նա արձագանքել է միայն. - «Պետք է ասեմ, որ քննարկումները շարունակվում են, և կա համաձայնություն քննարկումները շարունակել»։

Երկու ամիս առաջ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունն ու լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Մինչ խորհրդարանի խոսնակն այսօր հայտարարել է, որ կողմերն այժմ համաձայնեցնում են փաստաթղթի ստորագրման վայրը և ժամանակը, Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնականը իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում վերահաստատել է Բաքվի նախապայմանները։

«Հայաստանը պետք է սահմանադրորեն վերջ տա Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել»,–ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

«Փակուղային չի կարող լինել, առնվազն այդ, այսպես ասած, առաջարկներին Հայաստանն ունի մի քանի տարբեր լուծումների առաջարկներ, որոնք ադրբեջանական կողմին ներկայացվել է, քննարկումները տեղի են ունենում: Էլ չեմ ասում, որ դրանք, մեր ընկալմամբ, որևիցե ձևով չեն կարող և չպետք է խոչընդոտեն խաղաղության պայմանագրի կնքմանը, որովհետև այն մտավախությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը իրականության մեջ, իրավական դաշտի մեջ գոյություն չունեն», - ասել է Սիմոնյանը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի օգնականը իրանական «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում խաղաղության պայմանագրի առաջխաղացումը դիտարկել է դրական, սակայն ընդգծել է՝ երկկողմ հարաբերություններում դեռևս մնում են չլուծված հարցեր։

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել միաժամանակ ստորագրել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարություն։ Արդարադատության նախարարությունում ընթացքի մեջ է նոր Սահմանադրության նախագծի մշակումը, սակայն իշխանությունները պնդում են՝ դա կատարվում է ներքին քաղաքական որոշման արդյունքում, այլ ոչ թե ադրբեջանական պահանջով։ Վարչապետն արդեն հայտնել է, որ նոր նախագծում, իր կարծիքով, չպետք է ընդգրկվի հղում Անկախության հռչակագրին։ Բաքուն պահանջում է հանել հենց այդ հղումը Սահմանադրության նախաբանից։