20 մայիսի 2025 - 10:34 AMT
Պուտինն ու Թրամփը խոսել են 2 ժամ․ ՌԴ–ն պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ խաղաղության հուշագրի վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է ավելի քան երկու ժամ։ Զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերականգնման գործում ԱՄՆ-ի մասնակցության համար։

Պուտինը զրույցը բնութագրել է որպես բովանդակալից, անկեղծ և չափազանց օգտակար։ Նա ընդգծել է, որ Մոսկվան հանդես է գալիս ռազմական գործողությունների դադարեցման օգտին և անհրաժեշտ է որոշել խաղաղության հասնելու առավել արդյունավետ ուղիները։ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել հուշագրի վրա, որը կներառի նաև հրադադարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանը կառաջարկի և պատրաստ է աշխատել ուկրաինական կողմի հետ հնարավոր ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա՝ սահմանելով մի շարք դիրքորոշումներ, ինչպիսիք են, օրինակ, կարգավորման սկզբունքները, հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման ժամկետները և այլն, ներառյալ հնարավոր հրադադարը որոշակի ժամանակով՝ համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում»,–ասել է նա։

Պուտինը նաև նշել է, որ գլխավորը վերացնելն է այս ճգնաժամի առաջնային պատճառները։ Նա ընդգծել է Մոսկվայի և Կիևի կողմից խաղաղության հասնելու և բոլոր կողմերին ընդունելի փոխզիջումներ գտնելու առավելագույն ձգտման անհրաժեշտությունը.

«Ստամբուլում հանդիպման և բանակցությունների մասնակիցների միջև շփումները՝ դրանք վերականգնվել են, և դա հիմք է տալիս ենթադրելու, որ մենք ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհին ենք»,–ասել է Պուտինը։

Երկու ժամ տևած հեռախոսազրույցից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «անմիջապես սկսում են բանակցություններ հրադադարի ուղղությամբ»: Թրամփը վստահություն է հայտնելով հակամարտության ավարտի ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ, հայտնում է CNN-ը։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ զրույցը անցել է շատ լավ։ Նա հայտնել է, որ տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին զրույցի արդյունքների մասին։ Թրամփը ընդգծել է, որ Ուկրաինայում հրադադարի պայմանները կարող են քննարկվել միայն հակամարտության կողմերի միջև։ Նա նաև նշել է, որ Վատիկանը հայտնել է Մոսկվայի և Կիևի բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամության մասին։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Պուտինի հետ զրույցի տոնը եղել է գերազանց, և Ռուսաստանը հետաքրքրված է ԱՄՆ-ի հետ լայնածավալ առևտրով՝ հակամարտության ավարտից հետո։

Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Թրամփը քննարկել են երկու երկրների քաղաքացիների փոխանակման հարցը։ Ներկայումս մշակվում է «ինը՝ իննի դիմաց» ձևաչափը։ Ղեկավարները նաև քննարկել են իրենց հնարավոր հանդիպումը և համաձայնել են, որ այն պետք է լինի արդյունավետ, ուստի նախագահների թիմերը կզբաղվեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների գագաթնաժողովի բովանդակության մշակմամբ։

Հեռախոսազանգից առաջ Թրամփը մայիսի 18–ի երեկոյան քննարկումներ է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ՝ Մոսկվային հրադադարին համաձայնեցնելու ուղիների շուրջ։ Միջոցառումներից մեկն էլ ներառել է նոր պատժամիջոցների կիրառումը՝ «եթե Ռուսաստանը լրջորեն չներգրավվի», ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Սակայն Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը չի նշել նոր պատժամիջոցների մասին։ Փոխարենը նա շեշտել է պատերազմի ավարտից հետո հնարավոր տնտեսական խթանների մասին։

«Ռուսաստանը ցանկանում է լայնածավալ առևտրին մասնակցել Միացյալ Նահանգների հետ, երբ այս աղետալի «արյունահեղությունը» ավարտվի, և ես համաձայն եմ։ Կա հսկայական հնարավորություն՝ Ռուսաստանը կարող է հսկայական թվով աշխատատեղեր և հարստություն ստեղծել», գրել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինան «կարող է առևտրի մեծ շահառու դառնալ»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մայիսի 19–ին երկու անգամ զրուցել է Թրամփի հետ՝ մեկ անգամ Պուտինի հետ նրա զրույցից առաջ, մեկ անգամ՝ հետո։ Այս մասին նա պատմել է մամուլի ասուլիսում։

Պուտինի հետ Թրամփի զրույցից հետո եվրոպացի առաջնորդները նորից քննարկել են Մոսկվայի դեմ խիստ պատժամիջոցների անհրաժեշտությունը։ Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ին դեռ պետք է «ճնշել», որպեսզի այն համաձայնի նոր պատժամիջոցներ կիրառել։

Ուկրաինայի նախագահը նշել է նաև, որ ընթանում են քննարկումներ հաջորդ բանակցությունների վայրի վերաբերյալ, որոնց նպատակն առաջին հերթին հրադադարն է։ Նրա խոսքով՝ հնարավոր վայրերի թվում են Թուրքիան, Շվեյցարիան և Վատիկանը։

Միևնույն ժամանակ Զելենսկին կտրուկ մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջը՝ դուրս բերել ուկրաինական զորքերը չորս մասնակի օկուպացված շրջաններից։ Պուտինը այդ պահանջն առաջ է քաշել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ, սակայն կրկին հրաժարվել է լիարժեք հրադադարի մասին պայմանավորվածությունից։

«Դա մեր հողն է, մենք մեր զորքերը մեր տարածքից չենք հանելու... նշանակում է՝ նրանք խաղաղություն չեն ուզում… եթե պահանջում են այն, ինչի հետ չենք կարող համաձայնվել», — հայտարարել է Զելենսկին, գրում է The Kyiv Independent-ը։

Նշվում է, որ թեև Պուտինը կրկին առաջարկել է քննարկել «հնարավոր խաղաղության պայմանագրի հուշագիրը», բայց պահպանել է իր առավելապաշտական դիրքորոշումը՝ պահանջելով լուծել «պատերազմի հիմնական պատճառները»։

«Թրամփի համար ամենակարևորը Ուկրաինայի և Ռուսաստանի ուղիղ բանակցություններն են», — նշել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը մայիսի 19-ին զրուցել է Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկու հետ՝ քննարկելով 1000-1000 փոխանակման տարբերակը։

Զելենսկին նշել է, որ փոխանակումը կիրականացվի «մոտ օրերին կամ շաբաթների ընթացքում», և որ ցուցակում չեն լինի խաղաղ բնակիչներ։

Զելենսկին ասել է, որ իր զրույցի ընթացքում Թրամփին առաջարկել է հրադադարի հաստատում, հուշագրի վերաբերյալ կարծիքների ներկայացում, ինչպես նաև պահանջել, որ Ուկրաինային վերաբերող որոշումներ չկայացվեն առանց իր երկրի մասնակցության։

Հեռախոսազրույցները հաջորդել են Ստամբուլում անցկացված հիմնականում անարդյունք բանակցություններին, որտեղ Ռուսաստանը ներկայացել է ստորակարգ պատվիրակությամբ և կրկին պահանջել է, որ Ուկրաինան ընդունի Ղրիմի և չորս արևելյան շրջանների կորստի փաստը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հեռախոսազրույցը որակել է «արդյունավետ» և ընդգծել է Թրամփի «նեյտրալ» դիրքորոշումը։

«Թրամփի դիրքորոշումը չեզոք է, և նա զբաղվում է կարգավորման հարցերով, մինչդեռ եվրոպացի քաղաքական գործիչները բացահայտ կողմնակից են Ուկրաինային», — ասել է Պեսկովը լրագրողներին։

Թրամփի բանակցային մոտեցումը դժգոհություն է առաջացրել եվրոպացի դաշնակիցների շրջանում, որոնք սպասում էին, որ նա կաջակցի ԱՄՆ-ԵՄ համատեղ վերջնագրին՝ պահանջելով մայիսի 12-ից սկսած անվերապահ հրադադար և նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։

Չնայած Ռուսաստանի մերժմանը՝ ԱՄՆ-ն դեռ նոր պատժամիջոցներ չի սահմանել։

Մայիսի 11-ի գիշերը Պուտինը առաջարկել էր Ուկրաինային վերականգնել ուղիղ բանակցությունները՝ առանց նախնական պայմանների։ Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում և տևել է գրեթե երկու ժամ։ Նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում է ռուսական պատվիրակությունը, հայտարարել էր Ուկրաինայի հետ ռազմագերիների մասշտաբային՝ 1000-ը 1000-ի դիմաց փոխանակման մասին։ Բացի այդ, Մոսկվան և Կիևը պայմանավորվել են ներկայացնել ապագա հրադադարի հնարավորությունների իրենց տեսլականը։ Բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը խնդրել է պետությունների ղեկավարների հանդիպում, իսկ Մոսկվան, իր հերթին, ընդունել է դա ի գիտություն։ Մեդինսկին նաև նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը։

Photo. Getty Images