ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ չի միանալու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջադրմանն ուղղված գործընթացին վարչապետի պաշտոնի համար։
«ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներս, վերահաստատելով մայիսի 6-ին մեր արտահայտած պատրաստակամությունն առանց նախապայմանների քննարկել վարչապետի թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որոշում ենք կայացրել չմիանալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։
«Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։ Այնուամենայնիվ, թեկնածու առաջադրած պատգամավորները մեր որոշման հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող են դիմել «Պատիվ ունեմ» խմբակցությանը»,- ասված է հայտարարությունում։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին։ N8anq նախազգուշացրել են, որ չեն միանա որևէ մեկի կողմից նախաձեռնված վարչապետի պաշտոնանկության գործընթացին, եթե ընդդիմադիր պատգամավորները մերժեն իրենց ներկայացրած թեկնածուին։
Մարուքյանը հայտարարել էր, որ այժմ հնարավոր է իրական քայլեր ձեռնարկել վարչապետին անվստահություն հայտնելու ուղղությամբ՝ կոչ անելով ընդդիմադիր խմբակցություններին միանալ գործընթացին։ Նա հանդիպում է առաջարկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին։