20 մայիսի 2025 - 11:05 AMT
Երևանի բալետային փառատոնին կմասնակցեն Մոսկվայի Մեծ թատրոնի և Մարիինյան թատրոնի արտիստները

Հունիսի 6-13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարներն ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնում ելույթ կունենան Մոսկվայի Մեծ թատրոնը, Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները:

Հունիսի 6-ին և 7-ին բեմում կհյուրընկալվի Մոսկվայի Մեծ թատրոնը՝ ներկայացնելով լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» բեմադրությունները։

Հունիսի 9-ին և 10-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի արտիստները կներկայացնեն «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ծրագրերը։

Հունիսի 13-ին հանդիսատեսի առջև ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ ցուցադրելով «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային բեմադրությունները։

Ներկայացումները կմեկնարկեն ժամը 20:00-ին, մուտքն ազատ է։