Մայիսի 20–ի վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են կատարել Երևանի քաղաքապետարանում, ապա՝ ձերբակալություններ իրականացրել։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ Երևանի քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հայտնում է «Փաստինֆոն»։
«Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում ` նախաքննության շահերից ելնելով»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Գործողություներն իրականացվում են Հասարակական կարգի պահպանության ծառայությունում: Նշված ծառայության պետ Արամ Գյուլզադյանը դեռևս փետրվար ամսին է ձերբակալվել՝ կաշառքի գործով, այժմ կալանքի տակ է։ Թե որքանով այս գործը կապ ունի Գյուլզադյանին առնչվող գործի հետ՝ դեռևս պարզ չէ։