20 մայիսի 2025 - 11:43 AMT
Գեղարքունիքի մարզպետ․ Մտածում եմ՝ սահմանազատում մեզ մոտ էլ կլինի, ադրբեջանական զորքերը հետ կգնան

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մարզի սահմանային գոտում իրավիճակը համեմատաբար կայուն է, գրանցված միջադեպերը եղել են սակավաթիվ և չեն ազդել տեղի բնակչության առօրյայի վրա։

Նա կարծիք է հայտնել, որ սահմանազատման գործընթաց Գեղարքունիքում էլ կլինի, գրում է Auroranews.am-ը։

«Ես մտածում եմ՝ սահմանազատման գործընթացը կշարունակվի, մեր մարզով էլ կանցնի, մեր մոտ էլ սահմանների հստակեցում կլինի, դրա արդյունքում ադրբեջանական զորքերը հետ կգնան։ Մենք որոշ գյուղերին սահմանամերձի կարգավիճակ չենք տալիս, որովհետև չենք ուզում հարմարվենք այդ մտքին, ադրբեջանցիները հետ կգնան և այդ համայնքներն իրենց հանգիստ կյանքով կապրեն»,– ասել է մարզպետը։

Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։