Հայաստանն ու Թուրքիան պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին համատեղ ֆիլմ կնկարահանեն: Այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «Բարև» վերնագրով կենսագրական ֆիլմն առանձնանում է որպես երկու երկրների միջև շարունակվող դիվանագիտական լարվածությունը հաղթահարելու առաջին համատեղ կինոնախագիծ։ Ասվում է, որ Կաննի կինոփառատոնի շրջանակում Marché du Film-ում ստորագրված համաձայնագիրը հզոր ուղերձ է այն մասին, որ մշակութային համագործակցությունը կարող է գերազանցել սահմաններն արվեստի միջոցով։
Ֆիլմի ռեժիսորներն են Էլա Ալյամաչը և Արեն Պերդեչին, որոնք նախկինում ուշադրություն են գրավել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորուսյալ թռչուններ» (2016) ֆիլմով, գրում է Factor.am-ը։
Համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը ստորագրել են թուրքական «Kara Kedi Film» ընկերության ներկայացուցիչ Ալյամաչը և հայկական «Anso Films» ընկերության պրոդյուսեր Անի Գալստյանը։
Ռեժիսորները նշել են, որ ֆիլմի սցենարը համահեղինակել են Արա Գյուլերի հետ, որը մահացել է 2018 թվականին։
Նախագծին աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, Կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչությունը, ինչպես նաև պետական TRT հեռուստաընկերության 12 Punto հարթակը։
Ֆիլմի ստեղծման աշխատանքներում ներգրավված են նաև Doğuş խմբին պատկանող Արա Գյուլերի արխիվային և հետազոտական կենտրոնը և Արա Գյուլերի թանգարանը։
Ռեժիսորները տեղեկացրել են, որ նկարահանումների ընթացքում կօգտագործվեն Արա Գյուլերի անձնական տեսախցիկների օբյեկտիվները, որոնք հատուկ կվերամշակվեն Panavision ընկերության կողմից։
Ներկայումս դերասանական կազմի և նկարահանումների ժամկետների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։