Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվից»։
Նա դժգոհ է խաղաժամանակից։
«Ամռանը փոփոխություն եմ ուզում: Շնորհակալ եմ «Լոկոմոտիվին», թիմի գլխավոր մարզչին, բայց այսօր ես նույնիսկ փոխարինման դուրս եկող խաղացող չեմ։ Դա պետք է արժանապատվորեն ընդունել։ Մրցաշրջանից հետո խոսակցություն կլինի ղեկավարության հետ՝ խնդրելու եմ, որ ինձ թույլ տան հեռանալ։ Ցավոք, չորս տարվա ընթացքում ես ոչինչ չեմ հաղթել։ Դժվար է մի ամբողջ տարի լռել, ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունենում։ Ես ամեն ինչի էի պատրաստ այդ մարդու համար, իսկ արդյունքում վտարանդի դարձա։ Կյանքն է այդպիսին, ընդունում եմ»,–ասել է նա, գրում է Match TV-ն։
2025–ին Տիկնիզյանը միայն մեկ անգամ է 90 րոպե անցկացրել խաղադաշտում՝ մարտի 7–ին Ռուսաստանի առաջնության շրջանակում «Ախմատի» հետ խաղում։
Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021–ի ամռանը՝ 5․5 մլն եվրոյով։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026–ի հունիսի ավարտը։ Ընթացիկ խաղաշրջանում նա ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 2 գոլի հեղինակ է դարձել և 4 գոլային փոխանցման։