20 մայիսի 2025 - 13:33 AMT
Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում գտնվող Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Պատվիրակության անդամներն անմար կրակի մոտ ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, և լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ուսումնասիրել են Եղեռնի փաստագրական վկայությունները։ Անիտա Դիմիտրիուն գրառում է թողել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցող միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Հռիփսիմե Հունանյանը։