ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ եթե ընդդիմադիր խմբակցություններն աջակցեին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին ու իմպիչմենտը հաջող ավարտ ունենար, Էդմոն Մարուքյանը մեկ տարի ժամկետով դառնալու էր վարչապետ, ու մասնակիորեն իրականանալու էին «բ»ընդդիմադիրների 4 տարվա «տվայտանքները, երազանքները»«/բ»։
«Վարչապետը հեռանում էր, մեկ տարով նշանակվում էր վարչապետ, հիմա այդ մեկ տարվա հնարավորությունը տրվում է»,-լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։
Աղազարյանը նշել է, որ մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանգստանալու հնարավորություն էր ստանալու, մինչդեռ ընդդիմադիրներն ու Էդմոն Մարուքյանն ունակ էին կազմելու համախմբված թիմ, որը ներկայանալու էր ընտրողներին հստակ ծրագրերով, և 2028 թվականին ժողովուրդը պետք է ընտրություն կատարեր այդ հիմքով։
«Եվ մենք հնարավորություն կունենայինք նորագույն պատմության մեջ անցկացնելու ամենաարդար ընտրությունները, ինչո՞ւ, որովհետև կա Էդմոն Մարուքյան վարչապետ, կա ՔՊ մեծամասնություն, կա «Հայաստան » ու «Պատիվ ունեմ» դաշինք, կա ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան... այս ուժերից որևէ մեկը հնարավորություն չէր ունենա այս կամ այն կերպ բացասական ազդեցություն ունենալու ընտրական գործընթացների վրա։ Սա շատ գեղեցիկ հեռանկար էր, որը մենք չունեցանք»,- նշել է ՔՊ-ական նախկին պատգամավորը։
Նրա համոզմամբ՝ ներկայում երկրի համար օրհասական իրավիճակում ընդդիմադիր ուժերը պետք է վերանայեն իրենց դիրքորոշումը և միանան իրենց նախաձեռնությանը, թեև Աղազարյանն ընդգծել է, որ իրենք բացառում են ընդդիմությանն ընդառաջ գնալը։
Բացի այդ, նախկին ՔՊ-ականների կողմից մշակվել է նաև այլընտրանքային ռազմավարություն՝ «պլան Բ», որի բովանդակության մանրամասները առայժմ հրապարակայնացնել չեն ցանկացել։
ՔՊ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, հիմնելով ՄԱՍԿ կուսակցությունը, վարչապետի պաշտոնում առաջադրել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ չի միանալու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջադրմանն ուղղված գործընթացին վարչապետի պաշտոնի համար։«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։ Այնուամենայնիվ, թեկնածու առաջադրած պատգամավորները մեր որոշման հետ կապված հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող են դիմել «Պատիվ ունեմ» խմբակցությանը»,- ասված է հայտարարությունում։