20 մայիսի 2025 - 14:01 AMT
Երևանցիները կազատվեն 2025-ի հունվարից մայիս աղբահանության համար չվճարելու տույժ-տուգանքներից

Երևանի ավագանին հաստատել է որոշումը, որի համաձայն 2025–ի հունվարից մայիս ամիսներին աղբահանության վճարը սահմանված ժամկետում չվճարած քաղաքացիները մինչև հուլիսի 31-ն ազատվում են տույժերի վճարումից։

Առաջարկը Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստում ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։ Նա նշել է, որ փոփոխությունը վերաբերում է «Աղբահանության սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված վճարներին, հայտնում է 1lurer.am-ը։

«Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի ցանցն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների վճարահաշվարկային կազմակերպությունների՝ Erevan.am-ի, pay.e-community.am-ի, «Հայփոստի», Еasy pay վճարային համակարգի, «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղերի միջոցով»,- ասել է Դավիթ Հակոբյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմել է երևանցիներին՝ ընդգծելով. «Այս որոշմամբ մենք արձանագրում ենք, որ մինչև այս պահը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է ձեր փաստացի սանմաքրման վճարին»։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջիկա 1-2 շաբաթում առցանց վճարումների համակարգին կավելանան նաև այլ առևտրային բանկերի հավելվածներ, որոնց միջոցով նույնպես հնարավոր կլինի վճարումներ կատարել։

«Կարծում եմ՝ մոտ 1 ամսից բոլոր այն տարբերակները, որոնք նախկինում հասանելի են եղել, հասանելի կլինեն, և այլևս քաղաքացիները դժվարություններ չեն ունենա»,- ասել է փոխքաղաքապետը։

Նա նաև հավելել է, որ քանի որ նախկինում առցանց վճարումների հնարավորությունը բացակայել է, որոշվել է ժամանակավորապես չեղարկել տույժերի կիրառումը։

«Կիրառենք [տույժ-տուգանքները] այն կետից, երբվանից մենք ձեզ համար ստեղծել ենք այդ առցանց տարբերակը»,- ասել է նա։

Երևանի ավագանին հավանություն է տվել առաջարկված որոշմանը։