20 մայիսի 2025 - 14:14 AMT
Հանրային ռադիոյի տնօրենը խախտել է գնումների ընթացակարգը. Սահմանափակվել են նկատողությամբ

Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ։ Մայիսի 19-ին կայացված ՀՌԽ որոշման համաձայն՝ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում առերևույթ խախտումներն արձանագրվել է ՝ ՊՎԾ-ի կողմից, որի առնչությամբ մայիսի 5-ին կազմվել է արձանագրություն, հայտնում է «Փաստինֆոն»։

2025 թ. մայիսի 7-ին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշմամբ Ընկերության գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ նախաձեռնվել է կարգապահական վարույթ՝ ենթադրյալ խախտման հանգամանքները պարզելու և անհրաժեշտության դեպքում կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով: Արմեն Քոլոյանից գրավոր պահանջվել է ենթադրյալ խախտումների մասին գրավոր բացատրություն՝ դրա համար վերջինիս տրամադրելով 3 աշխատանքային օր, Քոլոյանից գրավոր բացատրությունը ստացվել է մայիսի 12-ին։

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի պարտականությունները կատարողի կողմից հանձնարարվել է Հանրային հեռարձակողի խորհրդի ներքին աուդիտի բաժնի ղեկավարին՝ սեղմ ժամկետներում իրականացնել Ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կազմակերպված գնման ընթացակարգի աուդիտ: Խոսքը «Ռոյթերս Նյուզ ընդ Մեդիա» ընկերության հետ կնքված բաժանորդագրության պայմանագրի մասին է: Կատարված գործողությունների արդյունքում պարզվել է, որ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու: 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կնքվել է պայմանագիր, հետագայում՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ին գնման առարկան ներառվել է գնումների պլանում, որից հետո պատրաստվել են ընթացակարգի փաստաթղթերը:

ՀՌԽ-ն գտել է, որ Քոլոյանի նկատմամբ պետք է տույժ կիրառվի, սակայն, որոշել է բավարարվել նկատողությամբ՝ հաշվի առնելով․ «Արմեն Քոլոյանի մեղքը, որը դրսևորվել է անզգուշության ձևով, այդ խախտման կատարման հանգամանքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերջինս որպես Ընկերության գործադիր տնօրեն նախկինում չի ենթարկվել կարգապահական որևէ տույժի՝ Արմեն Քոլոյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն»։