20 մայիսի 2025 - 15:15 AMT
Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում ուսապարկից գումար գողացած օտարերկրացին ձերբակալվել է

Մայիսի 16-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում իր ուսապարկից գողացել են 1250 եվրո, հայտնում է ՆԳՆ–ն։

Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը: Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին: Անձնական խուզարկությամբ գողացված գումարը հայտնաբերվել է։

«Օտարերկրացին ներկայացվել է քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: