Թալինի խոշորացված համայնքին պատկանող Ագարակավան գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը՝ իրենց դժգոհությունն արտահայտելու համար։
Նրանք տարածքային կառավարման նախարարությունից, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից պահանջում են այնպես անել, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման շրջանակում չփակեն մայրուղին մի քանի գյուղերին միացնող լայն ու բարեկարգ ճանապարհը, հայտնում է Panorama.am-ը։
«Հիմա այդ ճանապարհը փակում են, մեզ տանում են մոստ, ասում են անցեք մի կմ, հետո վտանգավոր խաչաձև խաչմերուկ, այնտեղ գնալուց պիտի կանգնես, խաչակնքվես, նոր անցնես։ Մի քանի օր առաջ Շտապ օգնության մեքենան եկել մոլորվել էր։ Ոչ մի խանգարող բան չկա, ինչի՞ համար եք փակել էս ճանապարհը, պատրաստի ճանապարհ է, ինչի՞ եք փակել»,-բողոքում են բնակիչները։
Բնակիչների հետ հանդիպել է նաև Թալինի համայնքապետը։ Բողոքավորները նշել են, որ եթե խնդիրը լուծում չստանա, իրենք մտադիր են շարունակել բողոքի գործողությունները և կրկին արգելափակել մայրուղին։
«Պարտադիր պետք է բացեն այս ճանապարհը, ուրիշ ելք չկա»,-ասում են նրանք։