ՀՀ վարչապետի աշխատակազմից չեն հայտնում՝ արդյոք Տիրանայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ ֆորմալ քննարկում ունեցել են, թե՝ ոչ, հայտնում է Factor.am-ը։
Սոցիալական ցանցերում կարճ տեսանյութ էր տարածվել Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի կուլիսներից, որում լսվում է, թե ինչպես է Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրում սուրճի, ինչին ի պատասխան Ալիևն ասում է. «Հիմա կգամ, քննարկում ունեմ»։
Վարչապետի աշխատակազմից չեն պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք Տիրանայում քննարկվել են խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ հարցեր և կա արդյոք համաձայնություն խաղաղության պայմանագրի ստորագրման վայրի և ժամկետների վերաբերյալ։
Հարցերին ի պատասխան միայն նշել են, որ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման վերաբերյալ տեղեկությունն առկա է հրապարակված հաղորդագրությունում։
Նիկոլ Փաշինյանն Ալբանիա է մեկնել մայիսի 15-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։