Երևանի ավագանու նիստում Պեդրո Զարոկյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվել է, թե ինչու է նա լրագրողին հայտարարել, թե իր նկատմամբ ԱՆԻՖ-ի դեպքով չի կարող գործ հարուցվել։
«Ուզում եմ հասկանալ, թե այդ ինքնավստահությունը ձեր մոտ որտեղի՞ց է գալիս։ Արդյո՞ք այն փաստը, որ իրավապահ մարմինների հարազատներին աշխատանք էիք բաժանել ԱՆԻՖ-ում, և լուրեր կան, որ քաղաքապետարանում գլխավոր դատախազի ընտանիքի անդամներից մեկին եք աշխատանք տվել, նաև՝ այլ իրավապահ մարմինների ղեկավարների հարազատներին», հայտնում է Panorama.am-ը։
Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ իր ինքնավստահությունն ունի հստակ պատճառ՝ վերջին յոթ տարիներին «իր որևէ գործողություն չէր կարող հանգեցնել նմանատիպ քննության իր նկատմամբ»։
Հայտնելով որ կասկած չունի, որ մտածված ձևերով է ԱՆԻՖ-ի գումարները փոշիացրել՝ Զարոկյանն ասել է, թե միգուցե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտերմությունն է Ավինյանին նման վստահություն ներշնչում, քանի որ իրավապահները միայն իշխանություններին են ծառայում՝ հիշեցնելով, որ հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո ոստիկանություն են բերման ենթարկում տուժողին, իսկ բռնության հեղինակ թաղապետին թողնում են պաշտոնավարի։
ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձ և պարգևավճար ստանալու, առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները:Դատախազը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք նախկին կամ ներկա պաշտոնյաներ հարցաքննվե՞լ են այս գործի շրջանակում:
Գլխավոր դատախազը մատնանշել է մի շարք ընկերություններ, որոնց հետ համագործակցության ընթացքում կարող են տեղի ունեցած լինել չարաշահումներ։ Այդ կազմակերպությունների թվում են՝ Fly Arna, Global Connect, «Մասդար», Apaga Projects և մի շարք այլ ընկերություններ։