Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում մայիսի 26-ին մեկնարկելու է միջկուսակցական հանձնախմբի աշխատանքը, որը կազմված է 19 պատգամավորից և նպատակ ունի աջակցել «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը»։ Նորաստեղծ խմբի գործառույթներից է օժանդակել արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։
Ընդգծվում է, որ նախաձեռնությունն ուղղված է Շվեյցարիայի կողմից ստանձնած պարտավորությանը՝ «հնարավորություն տալու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև բաց երկխոսության՝ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային նշանակալի դերակատարների ներկայությամբ՝ բանակցելու պատմականորեն բնակված հայ բնակչության անվտանգ և համատեղ վերադարձի շուրջ»։
Լայն միջկուսակցական աջակցություն վայելող հանձնախմբին համանախագահում են Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատտը։
Մայիսի 26-ին նախատեսվող միջոցառման ընթացքում ելույթներ են ունենալու ինչպես հանձնախմբի համանախագահները, այնպես էլ Հայաստանի նախկին արտգործնախարար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը, Շվեյցարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը և Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության հանրային հարցերով տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։