20 մայիսի 2025 - 18:15 AMT
Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնում հրշեջ-փրկարարների մասնակցությամբ ցուցադրական վարժանքներ են անցել

Բալահովիտում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում տեղի են ունեցել միջազգային ցուցադրական վարժանքներ, որոնք նվիրված են կառույցի հիմնադրման 10-րդ տարեդարձին։ Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև հրշեջ-փրկարարական տեխնիկայի ու սարքավորումների ցուցահանդես։

Միջոցառման ժամանակ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, ծանոթացել է կենտրոնի նյութատեխնիկական ռեսուրսներին ու տեխնոլոգիական հնարավորություններին, ինչպես նաև զրուցել օպերատիվ կառավարման բաժնի ծառայողների և փրկարար ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, հայտնում է Արմենպրեսը։

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը հագեցած է անհրաժեշտ բոլոր տեխնիկական և տեխնոլոգիական միջոցներով, ուստի հնարավորություններն իսկապես բարձր մակարդակի են։ Հայաստանում այս կենտրոնի շնորհիվ բարձրանում է նախևառաջ փրկարարների որակավորումը։ Կադրային ռեսուրսի ընդունումից հետո իրականացվում է պլանային ուսուցում։ Դասընթացների մի մասն անցկացվում է տվյալ կենտրոնում։ Այստեղից դուրս են գալիս փորձառու մասնագետներ»,- ասել է Կամո Ցուցուլյանը

ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն ևս իր կարծիքն է հայտնել՝ ընդգծելով, որ կենտրոնի գործունեության տասը տարին, թեև ժամանակային առումով շատ չէ, բայց կատարած աշխատանքի արդյունքներն իսկապես տպավորիչ են՝ փրկված կյանքերի թվով, ցուցաբերած մարդասիրական օգնության ծավալով և պատրաստված մասնագետների որակով։

«Մենք Երևանում անցկացրեցինք միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկեցինք գլոբալ հարցեր, իսկ այսօր ականատես եղանք գործնական վարժանքներին, որոնք ներառում էին վթարային իրավիճակներում փրկարարական և հրդեհաշիջման գործողություններ։ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը մեզ ուրախացրեց բարձրորակ կադրեր պատրաստող իր նյութատեխնիկական բազայով, որն իսկապես բացառիկ է Հայաստանում։ Այստեղ փրկարարները թրծվում են և ընդգրկվում բոլոր անհրաժեշտ միջոցառումներում, որոնք կապված են արտակարգ իրավիճակների ռիսկերի հետ։ Շատ լավ է, որ մենք ունենք համագործակցության մեծ տիրույթ և կարող ենք զարգացնել փոխգործակցությունը՝ հանուն մարդկանց կյանքերի փրկության»,- ասել է ՌԴ ԱԻ նախարարի տեղակալը։

Վարժանքներին մասնակցել են ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի հրշեջ-փրկարարները, այլև Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության կազմում ընդգրկված 12 այլ երկրների ներկայացուցիչներ։