Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և Անժելա Թովմասյանի մասնակցությամբ եթերին, որի վերնագիրն էր՝«Ինչու՞ է Աննա Հակոբյանը «ղզղնել ու կատաղել»։
Հակոբյանը հորդորել է Զոհրաբյանին չդնել իրեն «քաղաքական թոշակառուի կարգավիճակում»։
Նա գրել է. «Վո՜ւյ, ազիզնե՜ր։ Լավ չի չէ՞: Անժելայի մասին բան չունեմ ասելու, առանձնապես չեմ առնչվել նրա հետ, բայց այ Նառա՜ն…Երբ Նառան առաջատար լրագրող էր, եւ աշխատում էր մեր թերթում, ես, որպես սկսնակ լրագրող, նրա երկրպագուն էի։ Ինձ դուր էր գալիս նրա գրելու ոճը, աշխատելու արագությունը, մտքի ճկունությունը, գրպանում դրված սիրուն ձեւակերպումները, որ րոպեների ընթացքում հայտնվում էին հոդվածի մեջ։ Ինձ առհասարակ դուր էր գալիս նրա՝ ոչ սովորական, տարբերվող կերպարը, արտաքին տվյալներից մինչեւ յուրօրինակ բառապաշար։ Հետո նա որոշեց մտնել քաղաքականություն։ Հետո հայտնվեց հատակում։
Բա դու է՞դ աղջիկն ես, Նառ։ Ինչո՞ւ ես քեզ դրել քաղաքական թոշակառուի կարգավիճակում։ Ընդ որում՝ լուզեր թոշակառուի։ Ափսոս չի՞ քո միտքը, տարիներով կուտակած գիտելիքը, քո ինտելեկտը, համաշխարհային գրականությունը, որ ուղեղիդ մի անկյունում լուռ տանջվում է, մինչ դու ծառայություն ես մատուցում մեծ էշերից որեւէ մեկին։ Գուցե նրան, որ հայտարարում էր, թե Հայաստանի ամենահարուստ մարդը Նիկոլն է։ Եփած հավի ծիծաղն եկավ։ Գուցե մյուսին, որ չեմ էլ հետեւում՝ ինչ է բարբաջում։ Չգիտեմ։ Կարեւոր էլ չէ, թե ում։
Նոր կյանք սկսիր, Նա՜ռ, նո՜ր կյանք։ Երբեք ուշ չէ։ Մի հատ թափ տուր քեզ, հարգիր քեզ, սիրիր քեզ, դու լուզեր չես, քո նման կանայք լուզեր չեն լինում, մի’ հանձնվիր միջավայրի պահանջներին, քո’ ճանապարհն ընտրիր»։
Աննա Հակոբյանը համացանցում վիրավորական արտահայտություններ է իրեն թույլ տալիս ընդդիմախոսների հասցեին։ «Արթուն ենք» շարժման անդամ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երբեք որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանի ղեկավարների կանանցից մեկը ՀՀ քաղաքացուն հրապարակային կանվանի ոջիլ, մյուս քաղաքացուն՝ տխմար և այսպես շարունակ: