20 մայիսի 2025 - 18:53 AMT
Հին քաղաքի նոր եզրերը բացահայտելով. ARARAT հայկական կոնյակը հրավիրում է ծանոթանալու ARARAT ձայնային ուղեցույցին

Մոտ մեկ ժամ քայլել Երևանի փողոցներով՝ լրագրող, գրող Մարկ Գրիգորյանի հետ միասին. Երևանի կոնյակի գործարանի նոր նախագծի՝ ARARAT ձայնային ուղեցույցի շրջանակում դա արդեն հնարավոր է:

«Շատ հետաքրքիր խնդիր էր ինձ համար, որը ես էի դրել իմ առջև՝ քայլել Երևանի փողոցներով ու փորձել պատմել շենքերի, արձանների և անկյունների մասին: Չեմ կարող ասել, որ պատմել եմ բոլոր շենքերի մասին, բայց ընդգրկել եմ կարևոր վայրերը և շատ ուրախ եմ գիտելիքներս կիսել բոլորի հետ», - ասում է Գրիգորյանը՝ ընդգծելով՝ փորձել է մայրաքաղաքը ներկայացնել այնպես, ինչպես անձամբ ինքն է տեսնում այն՝ պատմական ու ճարտարապետական հարուստ շերտերով հանդերձ։

Հայերենով, ռուսերենով և անգլերենով հասանելի ուղեցույցի նպատակն է, Երևանի ճարտարապետական ժառանգությունը փաստագրելուց զատ, ակտիվացնել լսողի երևակայությունը՝ պատմելով, թե ինչպես է այս կամ այն հատվածը փոխվել վերջին 50-ից 100 տարում։ Նախագիծը նաև հնարավորություն է տալիս ունկընդրողին բացահայտելու հին քաղաքի նոր եզրերը, մտագրավ պատմություններ լսելու մայրաքաղաքի ճարտարապետական կառույցների մասին և, ամենակարևորը՝ հաղարդակցվելու դրա բացառիկ ջերմությանը։

«Այս ձայնային ուղեցույցը պարզապես հետագիծ չէ, այլ Երևանի հանդեպ սիրո պատմություն։ Լիահույս եմ, որ այս փորձառությունը յուրաքանչյուրի համար կդառնա գեղեցիկ հիշողություն՝ ուղեկցված ARARAT-ի ջերմությամբ։ Թեպետ աուդիոգիդում ներառված չէ ARARAT թանգարանը, շատ խորհրդանշական է, որ այս նախագիծը մեկնարկում է հենց այստեղ՝ ARARAT թանգարանում։ Մեզ համար շատ կարևոր է Երևանի ամենաայցելվող թանգարանից մեկի՝ ARARAT թանգարանի տասնյակ հազարավոր հյուրերին ներկայացնել մեր քաղաքը, հնարավորություն տալ բացահայտելու թե՛ նրա պատմական ժառանգությունը, թե՛ ժամանակակից զարկերակը»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Անուշ Համբարձումյանը։

Ձայնային ուղեցույցի գաղափարը ծնվել է Գրիգորյանի և Արմինե Սարգսյանի համահեղինակած «Երևանը քարտեզներում. 17-21-րդ դարեր» պատկերազարդ գրքի շնորհանդեսից հետո, և հենց այդ քարտեզների հիմքով էլ ձայնային ուղեցույցի երթուղին կազմվել է:

Այսպիսով, զբոսանքն անցնում է Երևանի կենտրոնով՝ մեկնարկելով Ռադիոտնից և հասնելով Phoenix բար, իսկ դրա ավարտին ձայնային ուղեցույցը հաճելի անակնկալ կմատուցի:

«Հոլանդացի ճանապարհորդ Անտուան Օգյուստե Կալմեն դրախտը տեղադրել է Երևանի տեղում, ինչը մեզ անընդհատ պետք է հիշեցնի՝ ապրում ենք մի վայրում, որին պետք է արժանի լինենք», - նշում է Գրիգորյանը, ընդգծելով՝ փաստագրականից զատ, քարտեզներն իր համար նաև խորհրդանշական արժեք ունեն:

ARARAT թանգարանում բացված «Քաղաքն արձագանքում է ARARAT թանգարանում» ցուցահանդեսի շրջանակում կարելի է ծանոթանալ Երևանի պատմական տարբեր շրջափուլերի քարտեզների պատճեններին, որոնց թվում են նաև XIX դարի կեսերից մինչև խորհրդային Երևանի գլխավոր հատակագծերը։