Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանում Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորական պաստառների տեղադրումը վճարված ակցիա է, կազմակերպված արևմտամետ ուժերի կողմից, գրում է ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ Երևանում հայտնվել էին մի քանի հակապուտինյան պաստառներ՝ Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ և «Կիևյան կամրջի» վրա։ Արման Բաբաջանյանը օդանավակայանի ճանապարհին «Պուտինը մարդասպան է» գրությամբ մեծ պաստառ էր պարզել և հայտնել այդ մասին ֆեյսբուքյան իր էջում։
Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը 2000 մարդ է աշխատում՝ հավելելով, որ, հավանաբար, USAID-ից մնացած փողերը դեռ չեն սպառվել։
«Երևում է, դեսպանատան որոշ աշխատակիցներ դեռ չեն հասկացել, որ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմամբ, այլ ոչ թե ռուս-հայկական հարաբերությունների խաթարմամբ։ Հավանաբար, Հայաստանում դեռ չեն ավարտվել USAID-ի կողմից տրամադրված միջոցները, որոնք հենց նման նախագծերով էին զբաղվում»,–ասել է Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ունեն լայն օրակարգ՝ քննարկումների և կոնկրետ, կիրառական, պրագմատիկ աշխատանքի համար։ Նա հավելել է, որ «այդ ամենը շատերին՝ փոքրամասնություններից, դուր չի գալիս, ինչը ռուսական կողմը նույնպես գիտի»։ Մոսկվան, ըստ նրա, կենտրոնանում է կառուցողական և դրական օրակարգի վրա։
Զախարովան կարծիք է հայտնել, որ նման ակցիաների կազմակերպիչները ավելին անել չեն կարող։