21 մայիսի 2025 - 10:26 AMT
Սարյան փողոցը միակողմանի կդառնա, փոքր Կենտրոնի որոշ հատվածներում երթևեկությունը կարգելվի

Հունիս ամսին նախատեսվում է մեկնարկել ավտոբուսային գծերի ընդլայնման խոշոր ծրագիր, որը ընդգրկում է Մաշտոցի պողոտայից մինչև Իսակովի պողոտա ձգվող հատվածը։ Երևանի ավագանու մայիսի 20-ի նիստում այս մասին տեղեկացրել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավար Վազգեն Հարությունյանը՝ ներկայացնելով սպասվող երթևեկային փոփոխությունները։

«Երթևեկության մասով փոփոխություններն ահռելի են և առնչվելու են գրեթե ամբողջ Փոքր Կենտրոնին»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Վազգեն Հարությունյանը հավելել է, որ Սարյան փողոցում նախատեսվում է սահմանել միակողմանի երթևեկություն, իսկ հակառակ ուղղությունը կանցնի Մաշտոցի պողոտայով։ Այդ նպատակով Մաշտոցում ձախ գոտիները փակվելու են՝ ուղիղ երթևեկությունը ապահովելու համար։

Նա նշել է, որ ավտոբուսների համար նախատեսված գծերից մեկը՝ Մոսկովյան փողոցի որոշ հատվածում, արդեն կահավորվել է, ինչի շնորհիվ այժմ ավտոբուսները կարող են Խանջյանից շարժվել դեպի Մոսկովյան, այնուհետև հասնել Աբովյան փողոց։

«Ինչ վերաբերում է կարմիր գծերին, տեղեկացնեմ, որ ծածկույթն ընդլայնվել է մի շարք հատվածներում, մասնավորապես՝ Հին Երևանցու փողոցում արդեն իսկ իրականացվում է հսկողություն»,- ասել է նա՝ տեղեկացնելով, որ ներկայումս լուսավորության ցանցի վերազինման հետ կապված աշխատանքներ են իրականացվում նաև Խորենացու փողոցում։

Ավտոբուսային նոր երթուղին նախատեսվում է, որ Մաշտոցից կանցնի Խորենացու փողոց, այնուհետև Իտալիայի և Բեյրութի փողոցներով կհասնի Արգիշտիի փողոց, որտեղից կամրջով կմիանա Իսակովի պողոտային։

«Ունենք նախագիծ, որով նախատեսվում է փոքր Կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը ընդհանուր դադարեցնել: Գաղափարի հիմքում այն է, որ փոքր Կենտրոնը մատչելի լինի և նախատեսված լինի հետիոտնի համար: Դա ներառում է Աբովյան փողոցի մի հատված, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայից սկսած դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում նման մի հատված, որտեղ կարգելվի երթևեկությունը, նաև Հանրապետության հրապարակի մի մասում, որը միտված է բացառապես հետիոտնի համար, որտեղ երթևեկությունը կլինի սահմանափակ»,- ասել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ Արաբկիր վարչական շրջանում ևս Կոմիտասի պողոտայում մեկ ուղղությամբ նախատեսվում է ավտոբուսային գիծ ներդնել։