ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել քաղաքական երկխոսության խորացման և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ տարվող գործողություններին։
Միրզոյանն նշել է, որ Հայաստանը և ԱՄԷ-ն համագործակցության զգալի ներուժ ունեն և ընդգծել է այդ ներուժն իրագործելու նպատակով հայկական կողմի առաջարկած ռազմավարական մոտեցումները։ Քննարկվել են նաև սպասվող նախաձեռնություններն ու ծրագրերը։
Հայաստանի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին։ Այս համատեքստում, նախարար Միրզոյանը ներկայացրել է վերջին զարգացումները՝ շեշտադրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղության ամրապնդման առանցքային գործոն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։
Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: