Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի հրաժարականին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդեն նախկին «տխրահռչակ թաղապետը խիստ նեղվել է ԱԺ–ում իր վարքագծի վերաբերյալ հնչեցրած հարցերից»։
«Իր հրաժարականի չափազանց վատ տեքստում նա, փաստորեն, խոստովանում է, որ հրաժարականի պատճառ հանդիսացել է հենց ԱԺ-ում վերջին քառօրյայի ընթացքում տեղի ունեցած հարց ու պատասխանը և դրան հաջորդած հանրային արձագանքը։
Արամ Սարգսյանի կուսակիցը Արամ Սարգսյանի կուսակից չէր լինի, եթե անգամ հրաժարականի տեքստը չհամեմեր սպառնալիքներով, սակայան կարծում եմ, ավելի կարևոր է արձանագրել, որ ընդդիմությանն այս դրվագում հաջողվեց հանրային հնչեղություն հաղորդել անընդունելի վարքագծի դրսևորմանը, որին հաջորդեց ստիպված պաշտոնանկությունը»,–ասվում է գրառման մեջ։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարականի մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
«Խոսքս ուզում եմ ուղղել ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի՝ 2026թ. սարերի հետևում չէ, մենք հանդիպելու ենք 2026-ին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»,- ասել է նա։