Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՄԱԿ-ի 98 երկիր առաջարկություն է ներկայացրել Հայաստանին՝ Մարդու իրավունքները հարգելու համար։
Նա նշել է, որ առաջարկությունները հիմնված են եղել Հայաստանի քաղաքացիական հասարակության զեկույցների վրա, և Հայաստանը մինչև 2025թ սեպտեմբեր պիտի ասի՝ կատարում է այդ առաջարկությունները, թե ոչ։
Առաջարկությունների մի մասն արվել է ՀայաՔվեի և չորս կազմակերպությունների կոալիցիայի կողմից, որոնք են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը, «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամը, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը։
«Մամուլի ասուլիսին մանրամասներ ներկայացրինք․ մասնավորապես, թե ինչպես է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բացակայում վերջին հինգ տարվա Հայաստանում ճչացող իրավունքների ոնտահարումները։
Թե ինչպես է Հայաստանը խուսափում, շրջանցում խոսելուց, որ հենց Ադրբեջանն է էթնիկ զտման ենթարկել հայերին Արցախից։
Ներկայացրինք, թե մեր զեկույցներում, որ իրավախախտումներին ենք անդրադարձել, և հետագա անելիքների մասին խոսեցինք, և թե ինչ առաջարկություններ են տվել երկրները։
Հայաստանի բոլոր կորուստները զուգորդվել են մարդու իրավունքների ոտնահարումներով։ Եթե պետությունը կատարեր իր պոզիտիվ պարտականությունը՝ հարգեր և պաշտպաներ մարդու իրավունքները, չէին կարող լինել կորուստները»,–ասվում է գրառման մեջ։
Ներկայացված առաջարկությունները վերաբերում են քաղաքացիական և քաղաքական իրավունքներին՝ ընդգրկելով մի շարք երկրներ։
«Ավստրալիա – առաջարկել է վերանայել 2021 թվականի քաղաքացիական օրենսգիրքը՝ վերացնելով վիրավորանքի և զրպարտության համար սահմանված անհամաչափ տուգանքները, ինչպես նաև կրճատել երկարատև կալանքի կիրառումը։
Ավստրիա – առաջարկել է վերացնել իրավապահ համակարգում առկա խնդիրները, մասնավորապես խոշտանգումների դեպքերը և արդարադատության սահմանափակ հասանելիությունը՝ բարելավելով մարդու իրավունքների պաշտպանությունը։
Բանգլադեշ – կոչ է արել ապահովել խոշտանգումների դեպքերի օպերատիվ ու անկողմնակալ քննությունը։
Բելգիա – առաջարկել է զարգացնել իրավապահ մարմինների կարողությունները՝ մարդու իրավունքների պաշտպանների դեմ ուղղված խախտումները քննության առնելու հարցում։
Բրազիլիա – հորդորել է խստացնել պատասխանատվությունը խոշտանգումների, վատ վերաբերմունքի և անհամաչափ ուժի կիրառման դեպքերում։
Կամբոջիա – ընդգծել է օրենքի գերակայության ու դատական անկախության ամրապնդման անհրաժեշտությունը։
Կոլումբիա և Կոստա Ռիկա – ուշադրություն են հրավիրել խաղաղ հավաքների իրավունքի պաշտպանության վրա՝ հատկապես իրավապաշտպանների համար։
Էստոնիա և Ֆինլանդիա – առաջարկել են կանխել հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական դատական հայցերը, որոնք խոչընդոտում են լրագրողների ու ակտիվիստների աշխատանքը։
Գերմանիա – առաջարկել է բարելավել դատական համակարգը, ապահովել դատավորների անկախ ընտրություն և պաշտպանել խոսքի ազատությունը։
Լատվիա – հորդորել է ստեղծել ապահով միջավայր լրագրողների ու լրատվամիջոցների աշխատողների համար՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Լիտվա – առաջարկել է խրախուսել միավորման ազատությունը՝ զերծ վախի ու հաշվեհարդարի սպառնալիքից։
Չիլի – շեշտել է դատարանների գերծանրաբեռնվածության հաղթահարման անհրաժեշտությունը՝ արդարադատության մատչելիությունն ապահովելու համար։
Նորվեգիա – առաջարկել է անմիջապես և արդյունավետ քննություն անցկացնել իրավապաշտպանների դեմ հարձակումների վերաբերյալ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Լեհաստան – հորդորել է բացահայտել ու պատժել իրավապահների կողմից իրականացվող չարաշահումները՝ միաժամանակ բարձրացնելով նրանց իրազեկվածությունը մարդու իրավունքների հարցերում։
Ռումինիա – կոչ է արել ընդլայնել մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանությունը և ստեղծել անվտանգ միջավայր քաղաքացիական հասարակության համար։
Այս միջազգային դիտարկումները վկայում են այն մասին, որ մարդու իրավունքների ոլորտում Հայաստանն ունի լուրջ բարելավման անհրաժեշտություն»,–ասվում է գրառման մեջ։