21 մայիսի 2025 - 11:44 AMT
Հակոբյան․ Մերժեցի՞ք, ձեռք առա՞ք, «բոցերով» պատախաններ ուղարկեցի՞ք, շատ լավ, իմ արձագանքը համարժեք կլինի

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորել է իր գործով զբաղվել «բոլոր նրանց, ովքեր այս օրերին առավոտից երեկո իրենց կաբինետներում և այլուր վերլուծություններ են անում՝ խելոք մտքեր արտահայտելով, թե արդյո՞ք ճիշտ է անում, սխալ է անում, հարիր է, հարիր չէ, էթիկայի սահմաններում է, սահմաններում չէ, արժի, չարժի»։

«Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետևել իրենց հանրային խոսքին, անցել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երեխային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել ինչ-որ առաքելության մասին, որ ես ունեմ՝ հավասարակշռություն են ակնկալում, հանրային համերաշխությանն ուղղված քայլեր, ներողամտություն և այլն։

Հենց այդ առաքելությանը հավատարիմ էր, որ դեռևս անցած դեկտեմբերին ՀՀ բոլոր իբր ընդդիմադիր ԶԼՄ-ներին, ընդդիմադիր բլոգեր կոչվածներին, իսկ իրականում տարիներ շարունակ իմ և իմ ընտանիքը, իմ երեխաներին սրբապղծորեն անվանարկողներին հրավիրեցի Կրթվելը նորաձեւ է նախաձեռնության շրջանակում քննարկելու հարցեր, այդ թվում՝ թե ինչպես կարող ենք փոխել մեր միջավայրը, բարձրացնել հանրային խոսքի որակը։

Մերժեցի՞ք, ձեռք առա՞ք, մեկդ մեկիցդ ավելի «բոցերով» պատասխաններ ուղարկեցի՞ք, որոշեցի՞ք հաստատուն մնալ հատակից ցածր մակարդակում։ Շատ լավ։ Իմ արձագանքը համարժեք կլինի. ուստի ազատե’ք մեզ ձեր լացուկոծից ու մնացած սրտաճմլիկ տեսարաններից՝ օ՜, աստվածնե՜ր, այս ի՜նչ է անում։ Ու մի վախեցեք։

Հ. Գ. Եվ այնուամենայնիվ, եթե հանկարծ ցանկանաք հանդիպել և քննարկել մեր ընդհանուր խնդիրը, ես կրկին պատրաստ եմ։

Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր այս օրերին առավոտից երեկո իրենց կաբինետներում և այլուր վերլուծություններ են անում՝ խելոք մտքեր արտահայտելով, թե արդյո՞ք ճիշտ եմ անում, սխալ եմ անում, հարիր է, հարիր չէ, էթիկայի սահմաններում է, սահմաններում չէ, արժի, չարժի՝ ձեր գործով զբաղվեք, կենտրոնացեք ձեր աշխատանքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա»,–ասվում է գրառման մեջ։

Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և Անժելա Թովմասյանի մասնակցությամբ եթերին, որի վերնագիրն էր՝«Ինչու՞ է Աննա Հակոբյանը «ղզղնել ու կատաղել», հորդորել էր Զոհրաբյանին չդնել իրեն «քաղաքական թոշակառուի կարգավիճակում»։

Աննա Հակոբյանը համացանցում վիրավորական արտահայտություններ է իրեն թույլ տալիս ընդդիմախոսների հասցեին։ «Արթուն ենք» շարժման անդամ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «երբեք որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Հայաստանի ղեկավարների կանանցից մեկը ՀՀ քաղաքացուն հրապարակային կանվանի ոջիլ, մյուս քաղաքացուն՝ տխմար և այսպես շարունակ»: