21 մայիսի 2025 - 12:27 AMT
Լավրովը ծաղկեպսակ է դրել Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան այցը սկսել է Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ ծաղկեպսակ տեղադրելով «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ:

Նախարարն ու նրա պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ ԱԳՆ շենքում նախատեսված է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով բանակցություն և երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդման համաձայն՝ հանդիպումները կայանալու են ըստ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև հունվարի 21-ին Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցի արդյունքների։

Քննարկվելու են հայ-ռուսական երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներ, փոխգործակցությունը եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում, միջազգային կառույցներում՝ մասնավորապես ՄԱԿ-ում, դիրքորոշումների համադրման հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակելու նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ՝ ներառյալ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների զարգացումները։

Հանդիպման արդյունքներով ակնկալվում է ստորագրել ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև 2025-2026 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։

Այցի ընթացքում Լավրովը ելույթ է ունենալու հայ-ռուսական համալսարանում՝ ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների և փորձագիտական շրջանակի ներկայացուցիչների առջև։ Նաև նախատեսված է հանդիպում Ռուսական տանը՝ տեղի հայրենակիցների հետ։

Ըստ ձևավորված ավանդույթի՝ Լավրովը ծաղկեպսակ կդնի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։

Լավրովը Երևան է ժամանել մայիսի 20-ին։ Նրա նախորդ այցը կայացել է 2022 թվականի հունիսին։

Լավրովի այցին ընդառաջ Երևանում հայտնվել էին մի քանի հակապուտինյան պաստառներ՝ Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ և «Կիևյան կամրջի» վրա։ Արման Բաբաջանյանը օդանավակայանի ճանապարհին «Պուտինը մարդասպան է» գրությամբ մեծ պաստառ էր պարզել և հայտնել այդ մասին ֆեյսբուքյան իր էջում։ Ոստիկանությունը հեռացրել է պաստառները։