21 մայիսի 2025 - 12:56 AMT
Մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի հանդիպումը․ «Եվրադաշինքի» որոշ անդամներ ակցիա են անում ԱԳՆ մոտ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, հայտնում է Արմենպրեսը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան մայիսի 20-ին։

«Եվրադաշինքի» անդամներ Արման Բաբաջանյանը, Տիգրան Խզմալյանը, Արթուր Սաքունցը և նրանց ավելի քան տասը կողմնակիցներ «հակառուսական» բողոքի գործողություն են իրականցնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, հայտնում է Panorama.am-ը։

Ոստիկանությունը հորդորել է մասնակիցներին տեղափոխել ակցիան ԱԳՆ շենքին հակադիր մայթ՝ բացատրելով, որ ներկայիս վայրը նպատակահարմար չեն համարում ծառայության նկատառումներից ելնելով։

«Ինչո՞ւ չպետք է այստեղ անցիա անենք»,- հարցրել է Բաբաջանյանը։

Ոստիկանները արձագանքել են, որ գործող վայրում ակցիայի անցկացումը նպատակահարմար չեն գտել՝ ծառայության շահերից ելնելով։

«Մենք ասում ենք՝ ձեր խաղաղ ակցիան անցկացրեք դիմացի մայթին։ Էլ չենք խոսում»,- դիմելով Բաբաջանյանին՝ ասել է ոստիկանը։

Ի պատասխան, Բաբաջանյանն ընդգծել է. «Ձեր շահերից չի բխում մեզ հետ խոսել այս տոնով, գալ ու այս տեսական վերջնագրեր ներկայացնել»։

Մեկ այլ ոստիկան հավելել է, որ տեղի է ունենում արարողակարգային միջոցառում, և իրենք պահպանում են հասարակական կարգը՝ դիմելով մասնակիցներին անցնել մյուս մայթը։

«Քաղաքական իշխանության հրահանգով... ռուսները ձեզ հրահանգել են, որպեեսզի գաք այստեղ ու այս 10-15 հոգանոց խաղաղ ակցիան խանգարեք»,- հայտարարել է Բաբաջանյանը՝ դիմելով ոստիկաններին։

Չնայած սկզբնական մերժմանը՝ եվրաակտիվիստները որոշ ժամանակ անց տեղափոխվել են ԱԳՆ շենքի դիմացի մայթ։

Մայիսի 21-ին Լավրովը նախատեսում է հանդիպումներ ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Մայիսի 20–ին սոցցանցերում լայնորեն տարածվել են լուսանկարներ, որտեղ հակապուտինյան բովանդակությամբ պաստառներ են երևում, իսկ այդ պատկերների հեղինակները պնդել են, թե դրանք ցուցադրվել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդռաջա։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, պարզվել է, որ Լավրովը դեռ չի ժամանել, իսկ այդ պաստառները փաստացի ներկայացվել են Իրանի պատվիրակությանը դիմավորելիս։