«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Մեսրոպ Եսայանն արդարացվել է։ Այդ մասին հաղորդել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։
Այսպիսով դատավոր Մուշեղ Արամյանը կայացրել է արդարացման վերդիկտ՝ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպը չհամարելով խուլիգանություն, հայտնում է Panorama.am-ը։
«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Մեսրոպ Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց հետ կատարել է խուլիգանություն։
Ըստ գործի նյութերի, Եսայանն ակցիայի ժամանակ ձեռքում գտնվող ծխարձակող առարկան նետել է ոստիկանության ծառայողների ուղղությամբ, որի արդյունքում խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և նույն եղանակով խափանվել է հանրային միջոցառումը:
2024թ. հունիսի 4-ին Մեսրոպ Եսայանը ձերբակալվել էր, նույնը օրը նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը 2 ամիս ժամկետով, համակցված բացակայելու արգելքի հետ: Բողոքարկման արդյունքում մեղադրյալ Մեսրոպ Եսայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխվել է, նրան ազատ են արձակել դատական նիստերի դահլիճից և կիրառել վարչական հսկողություն։