Մանկությունն ու պատանեկությունը չափազանց կարևոր փուլեր են ֆիզիկական և մտավոր զարգացման տեսանկյունից։ Հոգեկան առողջության պահպանումը որոշիչ է ամբողջ կյանքի ընթացքում լավ ինքնազգացողության և ընդհանուր առողջության համար։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում դեռահասների մոտ 20%-ի մոտ կարող են ի հայտ գալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ընդ որում՝ հոգեկան խանգարումների 50%-ը սկսվում է 14 տարեկանում, իսկ 75%-ը՝ մինչև 24 տարեկանը։ Նույն աղբյուրի համաձայն՝ 5-16 տարեկան երեխաների և երիտասարդների 10%-ը ունեն հոգեկան խանգարումների կլինիկական ախտորոշում, սակայն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դեռահասների շուրջ 70%-ը չի ստանում համապատասխան բուժօգնություն։
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ յուրաքանչյուր 7 երեխայից և դեռահասից 1-ը (10-19 տարեկանների խմբում) բախվում է հոգեկան խանգարումների, որոնց ամենատարածված դրսևորումներն են անհանգստությունը, դեպրեսիան և վարքային խանգարումները։
Քանի որ հոգեկան խանգարումների մոտ մեկ երրորդը ի հայտ է գալիս մինչև 14 տարեկանը, իսկ կեսը՝ մինչև 18 տարեկանը, առաջնային է վաղ արձագանքը՝ երեխաների և երիտասարդների լիարժեք ձևավորման ու ներուժի իրացման համար։
Համաշխարհային մակարդակով, 10-19 տարեկանների մոտ 15%-ը ունեն հոգեկան խանգարումներ, որոնք կազմում են այս տարիքի հիվանդությունների ընդհանուր բեռի 13%-ը։ 2016 թվականին ԱՄՆ-ում 2-ից 8 տարեկան երեխաների գրեթե 20%-ի (17.4%) մոտ արձանագրվել են հոգեկան, վարքային կամ զարգացման խանգարումներ։ 2018-2019 թվականներին 12-17 տարեկան դեռահասների 15%-ը ունեցել է լուրջ դեպրեսիվ դրվագ, 37%-ը պարբերաբար զգացել է տխրություն կամ հուսահատություն, իսկ մոտ 20%-ը հայտնել է, որ լրջորեն մտածել է ինքնասպանության մասին։
ԱՄՆ-ում իրականացված ուսումնասիրությունը վկայում է, որ 2016-ից 2020 թվականներին 3-ից 17 տարեկան երեխաների շրջանում դեպրեսիայի դեպքերը աճել են 27%-ով։
Տղա երեխաների շրջանում՝ 2-ից 8 տարեկան տարիքի խմբում, ավելի հաճախ են հանդիպում հոգեկան, վարքային և զարգացման խանգարումներ՝ համեմատած աղջիկների հետ։ Սակայն 2009 թվականից ի վեր 12-17 տարեկան աղջիկների մոտ դեպրեսիայի դեպքերը կտրուկ և կայուն աճ են արձանագրել։ Բացի այդ, ընտանիքներ, որոնք ապրում են աղքատության շեմից ցածր պայմաններում, ավելի խոցելի են. այս խմբում յուրաքանչյուր հինգերորդ երեխան (22%) ունի հոգեկան, վարքային կամ զարգացման խանգարումներ։ Տարիքային ու սոցիալ-տնտեսական գործոնները զգալի ազդեցություն ունեն՝ երեխաների՝ անհանգստության, դեպրեսիայի կամ վարքային խանգարումների բուժում ստանալու հավանականության վրա։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ «բ»2023 թվականի ավարտին ՀՀ-ում հոգեկան խանգարումների «/բ»ախտորոշումով հաշվառված պացիենտների թիվը կազմել է «բ»1753՝ 0-14 տարեկանների և 473՝ 15-17 տարեկանների խմբում։«/բ»
2023 թվականին հոգեակտիվ նյութերի օգտագործմամբ պայմանավորված հոգեկան և վարքային խանգարումների դեպքերը կազմել են 6՝ 15-18 տարեկանների խմբում, մինչդեռ 0-14 տարեկանների շրջանում նման դեպքեր չեն արձանագրվել։
Երիտասարդների շրջանում հոգեկան առողջության հետ կապված խնդիրները դարձել են հաշմանդամության և կյանքի ոչ բարենպաստ արդյունքների հիմնական պատճառ՝ անգամ մինչ COVID-19 համավարակով պայմանավորված առողջապահական ճգնաժամը։ Մանկական հոգեկան առողջությունը ներառում է զարգացման ու հուզական կայունության որոշակի փուլերի հասնելու կարողություն, ինչպես նաև սոցիալական հմտությունների ձևավորում, որոնք թույլ են տալիս դիմակայել տարբեր մարտահրավերների։
Ֆիզիկապես և հոգեբանորեն առողջ երեխաներն ունեն կյանքի բարձր որակ և կարող են արդյունավետորեն գործել դպրոցում, տանը, հասակակիցների և համայնքի շրջանակում։
«Հոգեկան առողջությունը պարզապես հոգեկան խանգարումների բացակայություն չէ, այն նաև երեխայի բարեկեցության և բարգավաճման կարողության խնդիր է:
Երեխայի բարեկեցության և բարգավաճման ունակության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են ընտանիքի և հասարակության փոխհարաբերությունները, հնարավորությունների հասանելիությունը և շրջակա միջավայրի պայմանները:
Երեխաները կարող են իրենց լավ զգալ, նույնիսկ եթե նրանք ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ: Դրա համար կարող են լինել բազմաթիվ պատճառներ, ներառյալ արդյունավետ բուժման հասանելիությունը, որն օգնում է կառավարել ախտանիշները, ինչպես նաև երեխայի կյանքում անվտանգ, կայուն և հոգատար հարաբերություններն ու միջավայրը:
Մանկությունն ու պատանեկությունը կյանքի ամենակարևոր փուլերն են հոգեկան առողջության տեսանկյունից: Սա ուղեղի արագ աճի և զարգացման ժամանակն է:
Երիտասարդները արագորեն սովորում են սոցիալ-հուզական հմտություններ, որոնք ձևավորում են կյանքի տարբեր իրավիճակներին սովորելու, աճելու և հարմարվելու նրանց ապագա կարողությունը:
Առողջ զարգացումը նշանակում է, որ ցանկացած կարողություն ունեցող երեխաները, ներառյալ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաները, կարող են մեծանալ մի ընտանիքում, որտեղ բավարարվում են նրանց սոցիալական, հուզական և կրթական կարիքները:
Հարաբերությունների որակը և այն միջավայրը, որտեղ մեծանում են երեխաներն ու դեռահասները, որոշում են նրանց բարեկեցությունն ու զարգացումը:
Ապահով, կայուն և բարենպաստ հարաբերությունները և այն միջավայրը, որտեղ նրանք դաստիարակվում են, ամուր հիմք են ստեղծում երեխաների մտավոր և ֆիզիկական առողջության համար և նրանց հնարավորություն են տալիս աճել և զարգանալ:
Տանը, դպրոցում կամ թվային տիրույթում ձեռք բերված վաղ բացասական փորձառությունները, ներառյալ ծնողների կամ այլ խնամողների կողմից բռնության կամ չափազանց մեծ վերահսկողության ենթարկվելը, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ ապրելը և բավարար կամ կայուն կացարան, սնունդ չունենալը, մեծացնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների ռիսկը»,- նշում են Հերացի վերլուծական կենտրոնից։