Իրանի պաշտպանության նախարարը, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադենհայտարարել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Նա այդ մասին ասել է Երևանում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը, հայտնում է Արմենպրեսը IRNA-ի վրա հղումով։
Նա նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։
Բրիգադի գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։
Նրա գնահատմամբ՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, և Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։