21 մայիսի 2025 - 13:58 AMT
Արցախի նոր նախագահը կընտրվի առաջիկա 10 օրվա ընթացքում

Մայիսի 21–ին լրանում է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունների ժամկետը։ Նա ընտրվել է նախագահի պաշտոնում 2023 թվականի սեպտեմբերի 9-ին։

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծել է, որ թեև նախագահության ժամկետն ավարտվում է, դա չի նշանակում, թե ընտրությունները պետք է կայանան հենց այսօր, հայտնում է Panorama.am-ը։

Առաջիկա 10 օրվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել Արցախի նախագահի ընտրություն, որի արդյունքով հայտնի կդառնա նոր նախագահը։

Ըստ Արցախի Սահմանադրության և կանոնակարգ օրենքի, նախագահական ընտրությունները կարող են անցկացվել այսօրվանից ոչ շուտ՝ յոթերորդ օրը, և ոչ ուշ՝ տասներորդ օրը։ Այս ժամանակահատվածում հնարավոր կլինի նախագահի թեկնածուների գրանցումը։

«Հասկանալի է, որ մենք ստանդարտ իրավիճակում չենք, Արցախում չենք, որպեսզի հանգիստ քաղաքական պրոցեսներ տեղի ունենան։ Այդ պատճառով, դեռևս մեկուկես տարի առաջ արդեն իսկ մտածելով այսօրվա մասին, Սահմանադրական փոփոխությունները կատարեցինք այնպես, որպեսզի նախագահի ինստիտուտը պահպանվի` առանց կոնկրետ մարդկանց մեր առջև ունենալու։ Չնայած բազմաթիվ դժվարությունների՝ մենք հաջողել ենք այդ առումով։

Մեզ համար կարևորն այն է, որ մենք նախագահի ինստիտուտը պահպանելու ենք, մոտ ժամանակներում հանրությանն էլ կտեղեկացնենք»,- ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններով սահմանվել է, որ Արցախի նախագահի ընտրությունն իրականացվում է Ազգային ժողովի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախում հիմա անհնար է համընդհանուր մասնակցությամբ ընտրությունների կազմակերպումը։ Նախագահի թեկնածուի օգտին պետք է կողմ քվեարկի Ազգային ժողովի 2/3-ը, այսինքն՝ 22 պատգամավոր։

Թեկնածուների գրանցման գործընթացը կմեկնարկի առաջիկա ժամերին։ Արցախի ԱԺ-ի հինգ խմբակցություններից յուրաքանչյուրը հնարավորություն ունի առաջադրել սեփական թեկնածուին։

«Մենք այս իրավիճակում պետք է փորձենք հենց սկզբից համախմբված լինենք, կոնսենսուսային թեկնածու լինի։ Փորձում ենք Ազգային ժողովում միասնականություն պահպանել, իրար հետ խորհրդակցել, առանց հաշվի առնելով՝ ով որ խմբակցությունից է, միասին կարգավորենք հարցերը։

Մեր խմբակցությունը չի դիտարկում առանձին թեկնածու, խորհրդակցությունների ընթացքում կտեսնենք՝ առավելագույնն ում շուրջ է կոնսենսուսը։ Առանց փակագծերը բացելու՝ մենք հակված են պահպանվի այնպես, ինչպես կա։

Նույնիսկ եթե ցանկացած խմբակցություն առանձին թեկնածու առաջադրի, ոնց էլ լինի 22 պատգամավոր կա, որոնք հասկանում են իրավիճակը, որևէ ամբիցիաներ չունեն թե անձնական, թե քաղաքական, թե խմբակցային»,- նշել է Մետաքսե Հակոբյանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։