21 մայիսի 2025 - 14:20 AMT
Միրզոյան. ՀՀ-ն պատրաստակամ է շարունակելու ՌԴ հետ փոխշահավետ համագործակցությունը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստակամ է շարունակելու ՌԴ հետ փոխշահավետ համագործակցությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը՝ մեր ժողովուրդների և երկու պետությունների շահերին համապատասխան»,–ասել է Միրզոյանը։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների երկամյա նոր ծրագրի մշակման գործընթացն արդեն ամբողջովին ավարտված է, ինչի մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Հուսով եմ՝ այսօր այդ ծրագիրը կստորագրվի»,-ասել է Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը հավելել է, որ հատկապես հումանիտար ոլորտում նկատվել են դրական միտումներ համագործակցության մակարդակում։ Նա ընդգծել է, որ նախարարների միջև կայացած հանդիպումը եղել է արդյունավետ և վստահություն է հայտնել, որ ընդլայնված ձևաչափով քննարկումները ևս շարունակելու են նույն կառուցողական ուղղությամբ։

Մայիսի 21-ին նախատեսված են նաև Լավրովի հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։