Մայիսի 21–ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Դատավճիռն իրականացվել է Յասին Հուսեյնզադեի նկատմամբ, ով կազմակերպել էր հարձակումը դեսպանատան վրա, գրում է APA-ն։
Յասին Հուսեյնզադեի դատական գործընթացը տևել է երկու տարի։ Իրանի Գերագույն դատարանը հաստատել է մահապատիժը, և գործն ուղարկվել է Թեհրան՝ վճիռն իրագործելու համար։
Հուսեյնզադեն ձերբակալվել էր դեպքի վայրում։
Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 27-ին՝ վաղ առավոտյան։ Հարձակվողը, զինված լինելով «Կալաշնիկով» ինքնաձիգով, հաղթահարել է դեսպանատան պահակային անցակետը և գնդակահարել անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովին։ Վասիֆ Թագիևն ու Մահիր Իմանովը վիրավորվել են՝ փորձելով կանխել հարձակումը։
Հարձակման հետևանքով դեսպանատան աշխատանքը դադարեցվել էր, և 2023 թվականի հունվարի 29-ին դեսպանատան բոլոր աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները տարհանվել էին Բաքու։ Ավելի ուշ, Ադրբեջանի և Իրանի միջև բանակցությունների արդյունքում, 2024 թվականի հուլիսի 15-ից դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը՝ նոր հասցեում։ Դեսպանը և ներկայիս անձնակազմը վերադարձել են Թեհրան։