21 մայիսի 2025 - 14:24 AMT
Բյուրականի աստղադիտարանում Էնշթեյնի տեսության չլուծված խնդիր են հաշվել

Բյուրականի աստղադիտարանում հաշվել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար, ինչը չլուծված խնդիր էր սկսած 1915-ից, հայտնում է ՀՀ ԳԱԱ-ն։

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանի հեղինակած «Gravitation and Cosmology» ամսագրում տպագրված գիտական հոդվածում՝ «On the Kinetic Recession Velocities of Astronomical Objects» (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2022, Vol. 28, No. 2, pp. 186–195), հեղինակը սահմանել և հաշվել է աստղագիտական մարմինների հեռացման իրական, այսպես կոչված՝ «կինետիկ» արագությունը։ Այդ հաշվարկները ցույց են տվել, որ մարմինների արագությունը մնում է փոքր վակուումում լույսի տարածման արագությունից, անկախ «կարմիր շեղման» ցուցանիշներից, որի արդյունքում ֆիզիկայում «պատճառականության» սկզբունքը չի խախտվում։

Գիտնականը կարողացել է հաշվարկել նաև մեկ այլ կարևոր ցուցանիշ՝ Տիեզերքի ընդարձակման հետևանքով մարմինների շարժման մեջ ներառված լինելու աստիճանը։

«Աստղագիտության համար հիմնարար վերոնշյալ խնդիրը միայն մասնավոր դրսևորումն է ֆիզիկայում առկա՝ կորագիծ տարածություններում մարմինների «հարաբերական արագության» հաշվարկման առավել բարդ ու «դասական» խնդրի։ Դա 1915թ.-ից մինչև օրս չլուծված կարևորագույն խնդիր էր մնում Ալբերտ Էյնշթեյնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ: Խնդրի դժվարությունը պայմանավորված է նրանով, որ տարածության «կորության» առկայությունը պարզապես անհնար է դարձնում մարմնի արագության վեկտորի, այսպես կոչված, «զուգահեռ տեղափոխությունը» այդ տարածության մեջ, առանց որի հնարավոր չէ հաշվել «հարաբերական արագությունը»։ 2023թ.-ին, հաղթահարելով նշված բարդությունը, լուծեցի այդ ընդհանուր խնդիրը կամայական Ռիմանյան տարածության համար»,- ասել է Գագիկ Տեր-Ղազարյանը։

Այս լուծումը ներկայացված է գիտական մեկ այլ հոդվածում՝ հրապարակված «Gravitation and Cosmology» ամսագրում՝ «Coordinate-Independent Definition of Relative Velocity in Pseudo-Riemannian Space-Time: Implications for Special Cases» (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2023, Vol. 29, No. 1, pp. 62–73), որտեղ հեղինակն արդեն սահմանել ու հաշվարկել է փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի տեսագծի նկատմամբ, բոլոր հնարավոր դեպքերի համար։

«Որպես դրա կիրառություն՝ այդ արագությունը հաշված է ֆիզիկական մի շարք կարևոր մասնակի դեպքերում՝ Մինկովսկու մետրիկայի համար, կամայական ստացիոնար մետրիկայի համար, երբ փորձնական մասնիկը և դիտորդը հանգստի վիճակում են, համասեռ գրավիտացիոն դաշտի դեպքում, պտտվող կոորդինատական համակարգի համար, Շվարցշիլդի մետրիկայի համար, Կեռի տիպի մետրիկաների համար, Ռոբերտսոն-Ուոլկերի մետրիկայի համար»,- նշել է Գագիկ Տեր-Ղազարյանը։