Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ–ն չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։
«Ռոսիա 24-ի» լրագրողը ՀՀ ԱԳ նախարարին հիշեցրել է ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ նրա արած այն հայտարարությունը, որ անվտանգության՝ գոյություն ունեցող ճարտարապետությունն արդյունավետ չէ և հարցրել՝ արդյոք սրանից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը նոր ռազմավարական գործընկերներ է փնտրում, օրինակ, Եվրոպայում, հայտնում է Արմենպրեսը։
«Բայց, իհարկե, խոսում էի նաև մեր մասին։ Մենք ինքներս մեր ոչ լավ փորձից տեսանք, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում, մենք ինքներս հարկադրված եղանք փորձել վերակազմավորել, վերաքննել կամ կատարելագործել այդ անվտանգության համակարգը, և այդ գործընթացը շարունակական է։ Մասնավորապես անդրադառնալով այն հարցին, թե մենք պատրաստվո՞ւմ ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ոչ։ Մեր պարտավորությունները, իրավունքները և մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են, և դրանք ոչ մեկ չի լուծարել։
Միևնույն ժամանակ, հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված միջոցառումներն ու մեխանիզմները ոչ անպայմանորեն միշտ և ոչ անպայմանորեն ամբողջությամբ կամ սահմանված կարգով են աշխատել, բայց սա բոլորովին այլ հարց է։ Այստեղ կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց այդ մեխանիզմները և ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին հարց մեր օրակարգում չկա։ Կան նաև մեր հարաբերությունները բազմակողմ միավորումների, օրինակ, ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ես հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի՝ շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով, և հայտնի է, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունն այդ կազմակերպության շրջանակներում։
Այստեղ գոնե այս պահին ավելի հեռուն գնացող հետևություններ չէի անի, բայց ուզում եմ արձանագրել, որ մեր քննարկումները շատ կառուցողական են, շարունակական են, այդ քննարկումներն ունեն կոմպոնենտ խնդրահարույց հարցերի, ունեն կոմպոնենտ դրական դինամիկա ունեցող հարցերի, առողջ, գործընկերային հարաբերություններ և առողջ գործընկերային քննարկումներ կան»,- նշել է նախարարը։