21 մայիսի 2025 - 14:43 AMT
Լավրով․ Մոսկվան անկեղծորեն ձգտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Մոսկվան շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ:

«Մենք դրա համար ամուր հիմք ենք համարում բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների այն համալիրը, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի միջև 2020 և 2022թթ․։ Մենք ողջունել ենք խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, պատրաստ ենք նպաստելու բոլոր այն հարցերի կարգավորմանը, որոնք անհրաժեշտ են փաստաթղթի վերջնական ստորագրման համար»,- շեշտել է Լավրովը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ բոլոր այս հարցերում Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա, այդ թվում՝ տարածաշրջանային տրանսպորտային, տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, հումանիտար տարբեր խնդիրների լուծման համատեքստում։

«Մենք բավարար ներուժ ենք տեսնում նաև տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափով աշխատանքների հարթակում»,- ընդգծել է Լավրովը։

Նախարարը նշել է, որ հիմա ընթանում են այդ ձևաչափի շրջանակում 3-րդ ֆորումի նախապատրաստական աշխատանքները։ Լավրովը հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպման ընթացքում հնարավորություն կլինի անդրադառնալու նաև այդ հարցերին։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին հյուրընկալության և այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար։