Աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ–ն անմիջապես արձագանքել են 2022–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձել է և շեշտել, որ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են միմյանցից, հայտնում է Արմենպրեսը։
ՌԴ ԱԳ նախարարին հարցրել են, թե ինչու Ռուսաստանը համարժեք չարձագանքեց ու չկատարեց իր պայմանագրային պարտավորություններն այն պայմաններում, երբ Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերին հարձակվել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով Ջերմուկ քաղաքը։
Ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ չգիտի, թե լրագրողը ինչ նկատի ունի՝ համարժեք արձագանք ասելով, սակայն վստահեցրել է, որ Ռուսաստանն անմիջապես է արձագանքել, որը բխել է ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ պայմանագրային պարտավորություններից։
«ՀԱՊԿ-ի փաստահավաք առաքելությունը իրավիճակին ծանոթանալու համար ուղևորվեց դեպքի վայր, ներկայացրեց օպերատիվ զեկույց կոնկրետ և պրակտիկ առաջարկություններով, որ պետք է ՀԱՊԿ-ի դիտորդների առաքելություն ուղարկել այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար։ Այդ հարցը նույն տարվա հոկտեմբերին քննարկվեց Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի ընթացքում, դրանից առաջ դրա վրա աշխատում էին ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, նրանք էին խմբագրում առաջարկները, որոնք ներկայացվել էին ՀԱՊԿ քարտուղարության կողմից։
Ի վերջո, մենք հասանք կոնսենսուսի ամբողջ տեքստի վերաբերյալ, և այն ներկայացվեց պետությունների ղեկավարների քննարկմանը, բայց տարբեր պատճառներով հայկական կողմն առաջարկեց հետաձգել համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Մենք տվեցինք մեր համաձայնությունը, իսկ որոշ ժամանակ անց հայտարարվեց ԵՄ առաքելության մասին, իսկ Պրահայում հայտարարվեց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը որոշվելու է Ալմաթիի հռչակագրի հիման վրա, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի մաս է»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա պնդել է, որ դա իրենց համար անակնկալ է եղել, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից գիտակցաբար դուրս էր թողնվել Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը։
Լավրովը պնդել է, որ այդ ժամանակ ջենթլմենական պայմանավորվածություն կար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման։
«Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Ես չեմ վիճարկում մեր հայ բարեկամների հնարավորությունը քննադատելու այն ժամանակ որևէ մեկի ցուցաբերած դիրքորոշումը, բայց ես նշեցի, թե ինչ ենք մենք արել»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հակադարձելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարություններին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ սա այն հարցերից է, որտեղ Հայաստանի ու Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են՝ չնայած բազմաթիվ հարցերում կողմերը ունեն փոխըմբռնում և միասնական ընկալում։
«Ես չեմ կարող անմասն մնալ այս չափազանց կարևոր խոսակցությունից։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք՝ երկու երկրներս, բազմաթիվ հարցերում ունենալով փոխըմբռնում և միասնական ընկալում ու մեկնաբանություն, միաժամանակ ունենք հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները։
Ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է, և այդ իրադարձությունն անկյունաքարային է եղել հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում՝ «բ»ՀԱՊԿ անդամակցության սառեցման«/բ» համատեքստում, հետևաբար ես էլ կուզեի կրկին առիթից օգտվել և ներկայացնել Հայաստանի ընկալումներն ու Հայաստանի դիրքորոշումը։
Ես շատ լավ հիշում եմ այդ իրադարձությունները, անձամբ մաս եմ եղել այդ իրադարձությունների։ Մենք հիշում ենք, որ ռուսական կողմը 2022 թվականի օգոստոսին հերթական անգամ միջնորդական առաջարկ ներկայացրեց Հայաստանին և Ադրբեջանին՝ վստահաբար բարի մտադրությունից ելնելով։ Հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկներին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում։ Արդեն օգոստոսի վերջին մենք հասկացանք, որ չկա միասնական դրական որոշում, իսկ սեպտեմբերի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և Հայաստանի տարածքային ամբողջականության, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումը։
Իհարկե, մենք այս մասին տեղյակ պահեցինք Ռուսաստանին՝ որպես երկկողմ դաշնակից, ինչպես նաև ՀԱՊԿ-ում մեր ռազմական դաշնակիցներին։ Գործողությունները, որոնք դրան հետևեցին, գոհացուցիչ չէին Հայաստանի համար, իսկ արդեն հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 1991 դեկտեմբերից գործող և ստորագրված ընդհանուր ընկալումն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ, Ալմաթիի հռչակագրին միանալով, երկրները՝ մասնավորապես Հայաստանը և Ադրբեջանը, ընդունել են, որ ճանաչում են միմյանց սահմանները և տարածքային ամբողջականությունը Խորհրդային Միության փլուզման գործող սահմանների շրջանակներում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից։
«Այդ թվում՝ հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունն Ադրբեջանին։ Հայաստանը չի վիճարկում այս մոտեցումը, կրկին ուզում եմ առիթից օգտվել և ասել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, և բնականաբար, ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ կրկին Ալմաթիի հռչակագրի հիման վրա»,- եզրափակել է Միրզոյանը։