21 մայիսի 2025 - 15:50 AMT
Ադրբեջանագետ․ Քոչարյանը համառորեն չի ցանկանում տեսնել, որ ՌԴ քաղաքականությունն էական փոփոխություններ է կրել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, նշել է, որ նա համառորեն չի ցանկանում տեսնել, որ Ռուսաստանի քաղաքականությունը էական փոփոխություններ է ապրել իր կառավարման շրջանից ի վեր՝ այո, ՌԴ-ն շարունակում է ղեկավարել Պուտինը, բայց ՌԴ առաջնահերթությունները փոխվել են։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շարունակ մեղադրել Փաշինյանին ՌԴ-ին դավաճանելու մեջ` որպես մեզ հետ պատահած ողբերգությունների միակ ու գլխավոր պատճառ, նշանակում է լինել, մեղմ ասած, իրականությունից կտրված։

Իրականում, Փաշինյանը որևէ էական հակառուսական քայլ չի արել, բավական է նայել տնտեսական ցուցանիշներին, տեսնել, թե ինչպես ռուսական կողմը փաստացի աջակցեց Փաշինյանին 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, հասկանալ, թե ինչպես են Փաշինյանի կեղծ եվրոպամետ քայլերը գործիք եղել ՌԴ-ի ձեռքում Արցախի հետ կապված Ադրբեջանի հետ գործարքում իր «ալիբին» կերտելու ճանապարհին։ Դեռ դա էլ մի կողմ թողնենք, եթե վերցնենք շատ պարզունակ դավաճանության թեման, ապա Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադն էլ է՞ր դավաճանել, որ նման ճակատագրի արժանացավ։ Իհարկե, ոչ, ուղղակի չի կարելի երբեք լիակատար կախվածության մեջ հայտնվել որևէ գերտերությունից, հատկապես անվտանգային ու տնտեսական հարցերում, քանի որ շահերի բախման դեպքում գերտերությունները պայմանավորվելու են քո հաշվին, ընդ որում՝ դա միայն ՌԴ-ի յուրահատկությունը չէ, նման կերպ բազմիցս վարվել է նաև ԱՄՆ-ն իր տարբեր դաշնակիցների հետ։ Անգամ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում են լինում խութեր, դրա համար էլ Ալիևը իրեն առավելագույնս դիրքավորում է որպես ինքնուրույն խաղացող։

Լավ ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչպես է Ալիևին հաջողվում մի օրվա մեջ Իրանի հետ զորավարժություններ անել, միևնույն ժամանակ Թել-Ավիվում ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր քննարկել Իսրայելի հետ։ Չե՞ք տեսնում, թե որքան բան է փոխվել աշխարհում, որքան բազմաբեւեռ է այն դարձել, որքան շատ աշխատելու դաշտ կա ու պետք չի այդ կեղծ երկընտրանքը շարունակ դնել՝ Ռուսաստան, թե՞ Թուրքիա։ Փաշինյանը անթաքույց ընտրել է Թուրքիան՝ որպես իր իշխանության հովանավոր կամ «քավոր», եթե կուզեք այդպես ասել, Քոչարյանի հենման կետն էլ Ռուսաստանն է։ Այս դիլեման կեղծ է այլևս ներկայիս աշխարհում, կա Իրան, կա Հնդկաստան, կա ԱՄՆ, կա Չինաստան, այնքան կարևոր խաղացողներ կան, որոնց միջոցով կարելի է անվտանգային կարևորագույն հարցեր լուծել, վարել բովանդակային բանակցություններ, ձեռք բերել փոխադարձ շահի վրա հիմնված գործընկերային կապեր, բայց ամենից անդին՝ կա հայ ժողովուրդ, կա ներուժ, կա անկախ պետություն, այս հանգամանքը չգիտես ինչի շարունակ մոռացվում է․․․

Այս հարցազրույցից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ եթե դաշտում չհայտնվի երկար սպասված, ռացիոնալ լուծումներ առաջարկող, պրոֆեսիոնալ անհատներից բաղկացած ու աշխարհը շատ ավելի լայն տեսնող երրորդ ուժը, ապա Հայաստանը կգնա շատ վտանգավոր ճանապարհով։ Ափսոս է իրապես մեր երկիրը, մենք չենք կարող 2026—ին կրկին կանգնել Քոչարյան-Փաշինյան երկընտրանքի առջև, այդ երկընտրանքը ձեռնտու է բացառապես իրենց երկուսին ու իրենց քաղաքական համակիրներին, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից որևէ կերպ չի բխում նման դասավորությամբ ընտրությունը, էլ չեմ խոսում, թե որքան հայհոյանք, վիրավորական խոսք պարունակող ու բովանդակային առումով դատարկ բղավոցների ու շոու ծրագրերի ականատես կլինենք այդ պարագայում։

Հույս ունեմ, որ մեր քաղաքական դաշտի խաղացողների մոտ կգտնվի մի քիչ պետականամետություն ու խոհեմություն այս վտանգավոր երկընտրանքը կանխելու ու ռացիոնալ լուծումներով հանդես գալու համար։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հենց դրան է սպասում․․․«–ասվում է գրառման մեջ։

Քոչարյանն արձագանքել էր այն դիտարկումներին, թե Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին։ Նա ընդգծել է, որ հարաբերությունները ՌԴ-ի հետ վատ չեն եղել 1991 թվականից մինչև վերջին տարիները։

«Ո՞նց եղավ, որ Ռուսաստանը 1991 թվականից որպես գործընկեր լավն էր, հետո հանկարծ վատացավ։ 2020 թվականի պատերազմն ո՞վ կանգնեցրեց, ես գիտեմ, թե ինչ դժվարությամբ են դա արել։ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկում կանգնեցնել պատերազմը, մենք հրաժարվեցինք, Հայաստանի վարչապետն ասաց՝ մենք կկռվենք, որ իրեն դավաճան չասեն։ Դա էլ են գցում ռուսի գրպա՞նը»,-ասել է Քոչարյանը։