Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում իր հայ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում ընդգծել է, որ Հայաստանի «ուկրաինացման» պատճառ չի տեսնում։
Նա այդպես է արձագանքել լրագրողի հարցին այն մասին, թե թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է տնտեսական պատժամիջոցներով կամ ռազմական ուժով կանխարգելել Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ, թեՌուսաստանն այնուամենայնիվ կհարգի Հայաստանի որոշումը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ես որևէ պատճառ չեմ տեսնում Հայաստանի «ուկրաինացման համար»։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերը, Հայաստանը օրենքից դուրս չի հայտարարում ռուսերենն ու ռուսական մշակույթը, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին և նրանց, ովքեր պարզապես ցանկանում են ռուսերեն խոսել»,- ասել է Լավրովը։
Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։Ըստ նրա, Հայաստանի որոշումը նման է «Տիտանիկի» տոմս գնելուն։